Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայում և ի՞նչ նոր գաղափարներ ունի Եվրոպական Միությունը մեր տարածաշրջանի համար։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ է զոհվել, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ սա իրենց ամենամեծ աղետն է 1939 թվականից ի վեր, երբ Երզնկայի երկրաշարժի արդյունքում զոհվել էր շուրջ 30.000 մարդ։ Հետաքրքրական է, որ Էրդողանը չի նշում 1999 թվականին Թուրքիայում գրանցված ևս մեկ աղետի մասին, երբ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դուզջե շրջանում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 17.000 մարդ, որից ավելի քան 1000-ը՝ Ստամբուլում։ Նշվածը թույլ է տալիս ենթադրելու, որ այսօրվա երկրաշարժի հետևանքներն ավելի ծանր են, քան 1999-ին ստացված աղետը։

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս այսօր այցելել է աղետի գոտի, տեղում ծանոթացել իրավիճակին և մի շարք հայտարարություններ արել։ Էրդողանը մասնավորապես ասել է, որ ամեն ինչ անելու են երկրաշարժի հետևանքները մեկ տարվա ընթացքում հաղթահարելու համար։ Նա ֆինանսական աջակցություն է խոստացել տուժածների ընտանիքներին, նաև տեղեկացրել, որ անօթևան մնացած քաղաքացիները տեղավորվելու են Անթալիայի շրջանի հյուրանոցներում։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

ԵՄ համագործակցություն Հարավային Կովկասի երկրների հետ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։ Այս մասին նա ասել է «Մոամբի»-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետի (Իրակլի Ղարիբաշվիլի – խմբ.) հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը՝ հավելելով, որ Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայաել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։

Վրաստանում թեժանում է ներքաղաքական պայքարը

Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն կալանքի տակ պահելու դատարանի որոշման դեմ։ Հիշեցնենք՝ նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը չեղարկելու կամ հետաձգելու մասին հայցը։ Սաակաշվիլու պաշտպաններն ու բժիշկները պնդում են, որ նախկին նախագահին շտապ բժշկական օգնություն է պետք և որ նրան այդ նպատակով անհրաժեշտ է տեղափոխել արտասահման։

Դատարանի վճռից հետո վրացական խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ազգային շարժումը», բոյկոտել է խորհրդարանական աշխատանքները և հայտնել փողոց դուրս գալու մասին։

Վրացական ընդդիմությունն այսօր հանրությանն է ներկայացրել Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր քաղաքներում անցկացվելիք բողոքի ցույցերի ժամանակացույցը։

Իրանը մեծացնում է օդուժի կարողությունները

Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին և իրանական բանակի գլխավոր հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին նախօերին այցելել են երկրի ռազմա-օդային ուժերի՝ «Օգաբ-44» անունն ստացած ստորգետնյա ավիաբազան։ «Օգաբ-44» տակտիկական ավիաբազան կարող է ընդունել Իրանի բանակի ՌՕՈՒ բոլոր տեսակի կործանիչներն ու ռմբակոծիչները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը։ Նորագույն խոշոր այս ավիաբազան կկարողանա ըդնունել նաև Իրանի ռազմա-օդային ուժերի կողմից նոր ձեռքբերվելիք կործանիչները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում