Միջազգային լրահոսն ամփոփ․ 09․02․2023

Միջազգային լրահոսն ամփոփ․ 09․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Որքա՞ն է հասել Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը և ի՞նչ է պայմանավորվել Զելենսկին Եվրոպայում։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

«Թուրքիայիում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 912 մարդ է զոհվել, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ սա իրենց ամենամեծ աղետն է 1939 թվականից ի վեր, երբ Երզնկայի երկրաշարժի արդյունքում զոհվել էր շուրջ 30.000 մարդ։ Հետաքրքրական է, որ Էրդողանը չի նշում 1999 թվականին Թուրքիայում գրանցված ևս մեկ աղետի մասին, երբ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դուզջե շրջանում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 17.000 մարդ, որից ավելի քան 1000-ը՝ Ստամբուլում։ Նշվածը թույլ է տալիս ենթադրելու, որ այսօրվա երկրաշարժի հետևանքներն ավելի ծանր են, քան 1999-ին ստացված աղետը։

Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում և Սիրիայում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն հասել է 16.546-ի։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Նշվում է, որ բնական աղետից տուժածների թիվը 66.132 է։

Իսկ ահա Սիրիայի իշխանությունները տեղեկացնում են, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1347 մարդ։

Հիշեցնենք՝ երկրաշարժից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել և՛ Թուրքիա, և Սիրիա։

Զելենսկու այցը եվրոպական մայրաքաղաքներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է եվրոպական մի քանի երկրների մայրաքաղաքներ, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ղեկավարների հետ։ Բոլոր հանդիպումների օրակարգի հիմնական խնդիրը Արևմուտքից ռազմական և ֆինանսական աջակցություն ստանալան է։

Եվրոպական տուրնեն Զելենսկին սկսել է Լոնդոնից։ Նախօրեին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նա հանդիպել է վարչապետ Ռիշի Սունակին։ Վերջինիս հետ Զելենսկին քննարկել է Ուկրաինային հեռահար զենքեր մատակարարելու հարցը և, ըստ հայտարարությունների, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ։

«Ուկրաինան կունենա նույնիսկ ավելի մեծ հեռահարության զենք, քան անհրաժեշտ է ռազմական գործողությունների այս փուլում: Սա ևս մեկ շատ արդյունավետ խոսակցություն էր այսօր»,- Զելենսկու հետ հանդիպելուց հետո ասել է Սունակը:

Նույն օրը երեկոյան Ուկրաինայի նախագահը մեկնել է Փարիզ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փետրվարի 9-ի գիշերը նրանց է միացել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով Փարիզ է ժամանել հատուկ Զելենսկու հետ հանդիպելու նպատակով։ Իսկ ահա այսօր Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Եվրախորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում հաղթանակ տանելուց հետո Ուկրաինան կմիանա Եվրամիությանը։

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելուց

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելուց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Հանդիպման կազմակերպման հարցը գտնվում է մշակման փուլում։ Մենք դրանից չենք հրաժարվում։ Օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները», մասնավորապես ասել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում հայտարարել է, որ Հայաստանը չէր չեղարկել մոսկովյան հանդիպումը, պարզապես հետաձգել էր այն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում