Ստանալով թոքերի քաղցկեղի չորրորդ փուլի ախտորոշումը՝ Սթեֆեն Սթարքմանը որոշել էր վավերագրել իր վերջին օրերը՝ հիվանդանոցային բաժանմունքներից մինչև բնություն։
Տորոնտոյում բնակվող լուսանկարիչն իր հիվանդության մասին իմացել է 2021-ին: Սթեֆենը քաղցկեղի մասին հուսահատությամբ պատմել է իր ընկերներին: Նրանցից մեկն առաջարկել է վավերագրել սեփական կյանքն ախտորոշումից հետո: Առաջարկը լուսանկարչին դուր է եկել, նույնիսկ այն օգնել է երկարացնել կյանքը:
«Յուրաքանչյուր քաղցկեղով հիվանդ ունի իր պատմությունը: Իմը սկսվեց սովորական ցավից, որը ստիպեց բուժկենտրոն դիմել: Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկները քաղցկեղ ախտորոշեցին:Ծնողներս մահացել էին քաղցկեղից: Ասել, որ ես ցնցված էի իմ ախտորոշումից, սուտ կլինի: Ամենադժվարն այդ փուլում կնոջս ինձ մոտ հայտնաբերված քաղցկեղի մասին ասելն էր», – պատմում է Սթեֆենը։
Լուսանկարչի մոտ քաղցկեղը ագրեսիվ ու արագ է զարգացել: Նույնքան ագրեսիվ էլ Սթեֆենը սկսել է պայքարել հիվանդության դեմ:
Պայքարը, սակայն, արդյունք չէր տալիս: Այդ ընթացքում Սթեֆենը լուսանկարում էր կյանքն ու քաղցեղով հիվանդ մարդու առօրյան, գրում իր ապրումների, տեսածի, լսածի մասին: Նրա հուշերն ու ֆոտոպատմությունը պետք է ամբողջանային մեկ գրքում, որն, ըստ Սթեֆենի՝ գիրք է կյանքի մասին՝ մահվան տեսանկյունից:
«Սա իմ կյանքի ավարտի մասին է», – ասում է Սթարքմանը, – «ես սովորել եմ ապրել պահով, արգելափակել այն, ինչ անհանգստացնում է ինձ: Ապրել հնարավորինս լիարժեք ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր: Այնուամենայնիվ, վախ կա: Վախեցնում է նույնիսկ ժամացույցը, որը տկտկում է…ես դեռ ուզում եմ հույս ունենալ»: