Միջազգային ամփոփ լրահոս․ 13․02․2023
Նմանատիպ
Times.am-ն ամփոփում է նախորդ օրվա միջազգային լրահոսը։ Դիվանագիտական նոր սկանդալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և ի՞նչ հանձնարարություններ է տվել Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։
ԱՄՆ-ն անկանխատեսելի զարգացումներ է ակնկալում ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիների համար
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունն ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին «անկանխատեսելի հետևանքների պատճառով»։ Արդեն ՌԴ-ում գտնվող ամերիկացիները պետք է անհապաղ հեռանան այդ երկրից, գրված է ամերիկյան դեսպանության կայքում:
Նշվում է նաև, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են ենթարկվել հետապնդումների և նույնիսկ կալանավորվել Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Նրանց կարող են զրկել հյուպատոսական օգնություն ստանալու հնարավորությունից, զորակոչի ենթարկել կամ խանգարել երկրից դուրս գալուն։ Հաղորդվում է, որ ԱՄՆ դեսպանության հնարավորություններն այժմ խիստ սահմանափակ են՝ ՌԴ-ից ամերիկացիների հեռանալուն օգնելու հարցերում։
ԵՄ-ն կոչ է անում վրացական ընդդիմությանը վերադառնալ խորհրդարան
Վրաստանում բոլորը պետք է միասին աշխատեն, որպեսզի իրականացնեն Եվրահանձնաժողովի հանձնարարականները՝ եվրաինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու համար: Այդ մասին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
Գերչինսկին վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը պետք է մնան խորհրդարանում և գործեն ավելի կառուցողական։ «Ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ և՛ Վրաստանի կառավարությանը, և՛ ընդդիմությանը, աշխատել միասին՝ 12 առաջարկությունների շուրջ առավելագույն առաջընթացի հասնելու համար։ Սա ակնհայտորեն պահանջում է իշխանությունների կողմից ներառականություն, ինչպես նաև պահանջում է կառուցողական մոտեցում ընդդիմության կողմից, և այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա այս քննարկումը, Վրաստանի խորհրդարանն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդդիմությանը նույնպես նշել ենք, որ նրանք պետք է մնան խորհրդարանում»,-ասել է Գերչինսկին։
ԵՄ դեսպանը նաև ասել է, որ խաղաղ ցույցերը ժողովրդավարական համակարգի մաս են, սակայն ընդդիմությունը պետք է աշխատի խորհրդարանում:
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Թբիլիսիի դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն կալանքից ազատելու մասին միջնորդությունը, վերջինիս կողմնակիցները հայտարարել են խորհրդարանական աշխատանքները բոյկոտելու և բողոքի ցույցերի միջոցով երկրում իշխանափոխություն անելու մասին։
Կիպրոսը նոր նախագահ է ընտրել
Կիպրոսի նախկին արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը ընտրվել է երկրի նախագահ։ Ինչպես տեղեկացնում են կիպրական լրատվամիջոցները, վերջինս ստացել է ընտրողների քվեներեի 51.91 տոկոսը և առաջ անցել իր հիմնական մրցակցից՝ Անդրեաս Մավրոյանիսից (48,09%)։
Երկու քաղաքական գործիչներն ընտրություններին մասնակցել են որպես անկախ թեկնածուներ։ Սակայն Խրիստոդուլիդեսը վայելում էր գործող իշխանությունների աջակցությունը, իսկ Մավրոյանիսը՝ ընդդիմության։
Նիկոս Խրիստոդուլիդեսը դարձավ Կիպրոսի 8-րդ նախագահը։ 49-ամյա քաղաքական գործիչը հինգ բուհի շրջանավարտ է։ Այդ հաստատություններում նա ուսանել է քաղաքագիտություն, տնտեսագիտություն, պետական կառավարման հարցեր, զբաղվել դիվանագիտության բնագավառում հետազոտություններով։
ՆԱՏՕ-ն չի հասցնում Ուկրաինայի համար անհրաժեշտ զենք արտադրել
ՆԱՏՕ-ն կարող է մասնակցել բոլոր այն քննարկումներեին, որոնք ուղղված են Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը: Այս մասին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում զինամթերքի սպառման տեմպերը գերազանցում են ՆԱՏՕ-ի երկրների կողմից իրենց արտադրության հնարավորությունները։ «Այժմ ավելի շատ զինամթերք է օգտագործվում, քան արտադրվում է»,-ասել է Ստոլտենբերգը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվելու է ռազմական արտադրության ավելացման և կոլեկտիվ պաշտպանության ծախսերը:
Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ Կովկասում խնդիրներ ունենք
Փետրվարի 13-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել։
«Մարտահրավերները բավականաչափ են, մենք մեր նախագահության ժամանակ ռիսկի ենք դիմել ծրագրում գրել՝ փորձել լուծել խնդիրները, որ ունենք, հատկապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին… Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք։ Փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը այս դժվարին ժամանակներում։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շուրջը»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում