Միջազգային լրահոսն ամփոփ․ 21․02․2023
Նմանատիպ
Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է հայտարարել Պուտինը ՌԴ Դաշնային ժողովում և ինչպե՞ս է արձագանքել ՆԱՏՕ-ն Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու Պուտինի որոշմանը։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։
Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին
Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (ՍՀՍԿ) սակայն դուրս չի գալիս դրանից։ Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։
«Այսօր ես ստիպված եմ հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ստարտեգիական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, կրկնում եմ՝ դուրս չի գալիս պայմանագրից, ոչ, դադարեցնում է իր մասնակցությունը»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ՍՀՍԿ-ի շրջանակներում աշխատանքը վերսկսելու համար իրենք պետք է հասկանան, թե ինչպես է հաշվի առնվելու ՆԱՏՕ-ի համակցված հարվածային զինանոցը։
«Նախքան այս հարցի քննարկմանը վերադառնալը մենք պետք է ինքներս հասկանանք, թե ինչ են ակնկալում Հյուսիսատլանտյան դաշինքի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես ենք մենք հաշվի առնելու նրանց ստատեգիական զինանոցները, այսինքն՝ դաշինքի համակցված հարվածային ներուժը»,-ասել է Պուտինը։
Եվրոպան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական երկու կազմակերպության և 32 իրանցու դեմ, որոնց թվում են նաև մշակույթի և կրթության նախարարները, հետախուզության մի շարք պաշտոնյաներ և օրենսդիրներ:
Պատժամիջոցները կիրառվել են Իրանում ցուցարարների դեմ իրականացված ճնշումներին մասնակցելու պատճառով: Խոսքն Իրանում բռնության հետևանքով երիտասարդ աղջկա մահից հետո բռնկված բողոքի ցույցերի ճնշման մասին է։ Այդ ժամանակ արևմտյան երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ, սկսեցին խստացնել պատժամիջոցներն Իրանի դատական համակարգի և իշխանությունների դեմ՝ փորձելով շարունակել և ավելի բորբոքել բողոքի ցույցերը։
«Պատժամիջոցների շրջանակում սառեցվել է 32 պաշտոնյայի ակտիվներ, սահմանվել են ճանապարհորդության արգելքներ, ինչպես նաև սառեցվել է երկու կազմակերպության ակտիվներ՝ ցուցարարների դեմ իրականացված ճնշումներին մասնակցելու պատճառով»,- հայտարարել է Եվրամիությունը:
ԱՄՆ-ն չի ցանկանում ոչնչացնել Ռուսաստանը. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ռուսաստանցիներին՝ վստահեցնելով, որ ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան չեն ձգտում ճնշել կամ ոչնչացնել իրենց երկիրը․
«Ես կրկին ասում եմ Ռուսաստանի ժողովրդին. ԱՄՆ-ը և Եվրոպայի ժողովուրդները չեն ձգտում վերահսկել կամ ոչնչացնել Ռուսաստանը: ԱՄՆ-ը չի նախատեսում հարձակվել Ռուսաստանի վրա… Միլիոնավոր ռուսներ, ովքեր ցանկանում են խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, մեր թշնամիները չեն»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Վարշավայում։
Բայդենը վիճարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայում գործողության հարկադիր բնույթի մասին՝ ասելով, որ դա «երբեք անհրաժեշտություն չի եղել»։
ՆԱՏՕ-ն արձագանքում է Պուտինի ելույթին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանին ագրեսոր երկիր է կոչել և հայտարարել, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է շարունակել պատերազմը Ուկրաինայում։ Այդ մասին հյուսիս-ատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ՌԴ Դաշնային ժողովում Պուտինի հնչեցրած երկժամանոց ելույթից անմիջապես հետո։
«Նախագահ Պուտինն է սկսել այս կայսերական նվաճողական պատերազմը… Ինչպես Պուտինն այսօր հստակեցրեց, նա պատրաստվում է ավելի շատ պատերազմի… Պուտինը չպետք է հաղթի… Դա վտանգավոր կլինի մեր անվտանգության և ամբողջ աշխարհի համար», – ավելացրել է Ստոլտենբերգը:
Նա նաև մեկնաբանել է Պուտինի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին և պաշտպանության նախարարությանն ու «Ռոսատոմ»-ին հանձնարարում է ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։
«Ես ցավում եմ Ռուսաստանի որոշման համար՝ դադարեցնելու իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում