Ուկրաինական հակամարտության կարգավորման 12 կետանոց առաջարկ Չինաստանից

Ուկրաինական հակամարտության կարգավորման 12 կետանոց առաջարկ Չինաստանից

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ծրագիր է հրապարակել։ Չինաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը բաղկաղած է 12 կետերից։

1. Նշվում է բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ «Բոլոր երկրները, անկախ իրենց չափերից, ուժից և հարստությունից, հավասար են»։ Չինաստանի ԱԳՆ-ն նաև նշում է միջազգային իրավունքի դրույթների՝ բոլորի նկատմամբ հավասարապես կիրառելու և երկակի ստանդարտներից հրաժարվելու անհրաժեշտությունը։

2. Պեկինը կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածողությունից և նշել, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ի հաշիվ ռազմական բլոկերի ընդլայնման։ Չինաստանը կարևոր է համարում, որպեսզի հաշվի առնվեն բոլոր երկրների անվտանգային օրինական շահերն ու դրանց հետ կապված անհանգստությունները։

3. Չինաստանի ԱԳՆ հրապարակած փաստաթղթի երրորդ կետը վերնագրված է այսպես՝ «Դադարեցնել ռազմական գործողություններն ու կանգնեցնել պատերազմը»։ Այս կետում նշված է, որ բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և կրակի վրա յուղ չլցնեն։

4. Ծրագրի չորրորդ կետում Չինաստանը մատնանշում է երկխոսության և բանակցությունների անհրաժեշտությունը՝ նշելով, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման միակ ուղին բանակցություններն են։ Չինացի դիվանագետները ընդգծում են բանակցային նոր հարթակների ձևավորման կարևորությունը։

5. Պեկինը հայտարարել է հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ խստիվ զգուշացնելով հումանիտար հարցերը քաղաքականացնելու բացասական հետևանքների մասին։

6. Վեցերորդ կետում Չինաստանը խոսում է ռազմագերիների փոխանակման անհրաժեշտության մասին՝ շեշտելով նաև քաղաքացիական անձանանց ու ռազմագերիների պաշտպանության անհրաժեշտությունը։

7. ՉԺՀ-ը խիստ կարևոր է համարում միջուկային խաղաղ օբյեկտների վրա, ինչպիսիք են ատոմակայանները, զինված հարձակումների բացառումը։

8. Այս կետում Պեկինը խոսում է միջուկային զենքի կիրառման բացառման մասին։ Չինաստանը նաև կոչ է անում հրաժարվել այդպիսի սպառնալիքներից։

9. Չինաստանը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արեն իրագործել Սև ծովով ցորենի արտահանման պայմանագրի դրույթները։ Փաստաթղթում նշվում է, որ պարենային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության մասին Չինաստանի առաջարկներ կարող են նպաստել պարենային գլոբալ ճգնաժամի հաղթահարմանը։

10. Չինաստանը դեմ է միակողմանի պատժամիջոցների քաղաքականության չարաշահմանը՝ նշելով, որ սահմանափակումները ոչ թե նպաստում են ճգնաժամի հաղթահարմանը, այլ հակառակը՝ էլ ավելի սրում իրավիճակը։

11. ՉԺՀ-ն կոչ է անում ապահովել արտադրություն-մատակարարում օղակի անխափան գործունեությունը։ Չինաստանը նաև կոչ է արել խուսափել համաշխարհային տնտեսության քաղաքականացումից։

12. Փաստաթղթի եզրափակիչ կետում Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ հետպատերազմյան շրջանում հակամարտության գոտու վերականգնման աշխատանքներին։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկ տարին։ 2022թ. փետրվարի 23-ի ուշ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրի որոշման մասին, իսկ 24-ի վաղ առավոտյան ստացվեցին Ուկրաինային հասցված հարվածների մասին առաջին լուրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում