Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ինչո՞ւ է Միացյալ Նահանգների վարչակազմը սպառնում Չինաստանին և ի՞նչ կոչ է արել Սաակաշվիլին վրացական ընդդիմությանը։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։
Նոր երկրաշարժ և ավերածություններ Թուրքիայում
Այսօր ցերեկը նոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա քաղաքում։ Ինչպես տեղեկացնում են Թուրքիայի համապատասխան ծառայությունները, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կրկին շենքեր են փլուզվել՝ նախնական տվյալներով մոտ 30 շենք։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ։ Ըստ Անադոլու լրատվական գործակալության՝ Մալաթիա նահանգում զոհվել է 1, վնասվածքներ ստացել՝ 69 մարդ։
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հանրությանը կոչ է արել հեռու մնալ վնասված շենքերից։
Հիշեցնենք, որ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։
«Ռուսական հեղափոխության» վտանգ Վրաստանում
Վրաստանին «ռուսական հեղափոխություն» է սպառնում։ Այս մասին, խոսելով Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին, հայտարարել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վերջինս, սակայն, առանձնացրել է Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու մոտեցումը՝ համաձայնություն հայտնելով վերջինիս դիրքորոշումների հետ։
«Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները և ազատության համար պայքարելու նրա կոչը։ Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաև անխափան խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ… Հիմա հին դժգոհությունները հիշելու ժամանակը չէ»,- գրել է Սաակաշվիլին Facebook-յան իր էջում:
Նշենք, որ վերջին շրջանում Սալոմե Զուրաբիշվիլին քննադատում է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու նրա կառավարության քաղաքականությանը՝ իշխող մեծամասնությանը մեղադրելով պրոռուսական դիրքորոշումների և Եվրոպական Միության հետ համագործակցության թուլացման մեջ։
Կրեմլը ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորություն չի տեսնում
Ռուսաստանի իշխանությունները առայժմ նախադրյալներ չեն տեսնում Ուկրաինայի խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
Այս մասին Kommersant-ի փոխանցմամբ հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ այս պահին որևէ նախադրյալ չկա, որպեսզի այս պատմությունը խաղաղ կարգավորման հուն մտնի։ Առայժմ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և մենք շարժվում ենք դեպի այն նպատակները, որոնք դրված են», – ասել է Կրեմլի խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ։
Պաշտոնապես երկու երկրների միջև բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը։
Միացյալ Նահանգները սպառնում են Չինաստանին
Եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, նա ստիպված կլինի «իրական գին» վճարել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Պեկինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Սակայն, եթե չինացիները որոշեն նման քայլ անել, ապա դրա համար «իրական գին կվճարեն և դա վնաս կհասցնի Չինաստանին», – ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նշենք, որ ամերիկյան լրատվամիջոցները լուրեր են շրջանառում այն մասին, որ Չինաստանը հակված է Ռուսաստանի Դաշնություն զենք ուղարկելուն։ Վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն Մոսկվայի և Պեկինի միջև բանակցությունները շարունակվում են սարքավորումների գնի և ծավալի շուրջ։ Այս տեղեկությունները հաստատում է նաև ԱՄՆ հետախուզական ծառայությունները։