Սկանդալ թուրքական «Կարմիր մահիկում»․ Միջազգային ամփոփ լրահոս

Սկանդալ թուրքական «Կարմիր մահիկում»․ Միջազգային ամփոփ լրահոս

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ինչո՞վ է նշանավորվել Սերգեյ Լավրովի այցը Բաքու և ի՞նչ սկանդալ է հասունանում թուրքական «Կարմիր մահիկի» անվան շուրջ։ Այս և բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետ չի լինելու 

«Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությանը, որը երաշխավորում է մարդասիրական և քաղաքացիական ապրանքների, ինչպես նաև քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս նպատակին Մոսկվան հասնում է առաջին հերթին ռուս խաղաղապահների միջոցով։ Միջանցքը չի նախատեսում որևէ տիպի անցակետերի ստեղծում, սակայն տեխնիկական միջոցներով հնարավոր է ապացուցել, որ ճանապարհն օգտագործվում է իր վերոնշյալ նպատակների համար»։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով աշխատանքային այցով գտնվում է Բաքվում։

Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հարավային Կովկասում ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր: Նրանք ցանկանում են այստեղ աշխատել ոչ թե հանուն ինչ-որ բանի, այն ինչ-որ մեկի դեմ: Մենք դա տեսնում ենք և վստահ ենք, որ դա տեսնում են նաև ուղղակիորեն գործընթացում ներգրավված կողմերը», – ասել է Լավրովը:

Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի մեղադրանքներին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը չի հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքները, որոնք կապված են Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հետ:

Խոսքը շրջանառվող այն տեղեկատվությունների մասին է, ըստ որի, Չինաստանը կարող է օգնել Ռուսաստանին զենքի մատակարարման հարցում: Ըստ Military Watch Magazine-ի՝ Պեկինը կարող է տարատեսակ սարքավորումներ և տեխնիկա մատակարարել ռուսական գործարաններ, որոնց միջոցով ՌԴ–ն կարտադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև կարդիականացնի սպառազինությունը։

Այս առումով Պեկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ն նույնիսկ չնչին իրավունք չունի խոչընդոտելու ռուս–չինական հարաբերություններին:

«ԱՄՆ գործողությունները հանգեցնում են անվերջ պատերազմների և հակամարտությունների։ Մենք կոչ ենք անում պետություններին մտածել, ելնել բոլոր երկրների շահերից և նպաստել բանակցություններին», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը:

Թուրքիայի Կարմիր մահիկի շուրջ ծագած սկանդալը շարունակվում է նոր բացահայտումներով

Հայտնի է դարձել, որ թուրքական Կարմիր մահիկը վաճառել է ոչ միայն այն վրանները, որոնք տրվել են երկրաշարժից տուժած բնակիչներին, այլև օգտագործված ապրանքները, որն ուղարկվել է համապատասխան շրջաններ։ Այս մասին գրել է թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Մուրադ Աղըրելը։

2021 թվականին հրապարակվել են տվյալներ նախորդ տարիների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2019-ին վաճառվել է 1 մլն, իսկ 2020-ին 759․000 օգտագործված ապրանք։

«Ահա՛ 98.000 (մոտ 5200 դոլար-խմբ․) լիրա աշխատավարձ ստացող գլխավոր տնօրենի և 76.000 (մոտ 4000 դոլար-խմբ․) լիրա ստացող օգնականների ղեկավարած Կարմիր մահիկը։ Շատ ափսոս․․․ Նշանակում է, որ, եթե «Ahbap» միությունը գումար չտար, Կարմիր մահիկը պիտի սպասեցներ վրանների ուղարկումը։ Երբ ասում էի, որ պատասխան եք տալու, կատակ չէի անում»,- գրել է Աղըրելը։

«Գազպրոմ»-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ քննարկելու համագործակցության հեռանկարները

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն այսօր ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպել է Իրանի նավթի նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։ Բացի դրանից, նախատեսվում է հանդիպում Իսլամական Հանրապետության նավթի նախարարության ղեկավար Ջավադ Օուջիի կամ նրա տեղակալներից մեկի հետ։

Որպես Միլլերի այցի հիմնական նպատակ՝ իրանական լրատվամիջոցները նշում են Իրանի նավթագազային հատվածի հետ «Գազպրոմ»-ի համագործակցության ճանապարհային քարտեզի մշակումը։

Ավելի ուշ Իրանի նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադեն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանի տարածքում սկսել նավթի վեց և գազի երկու հանքավայրերի շահագործումը:

Դոնեցկի ճակատում Ուկրաինան տեղակայել է ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված մոտ 350 զինվոր և ռազմատեխնիկա

Ուկրաինական հրամանատարությունը Դոնեցկի Չասով Յար քաղաքում տեղակայել է մոտ 350 զինվոր և Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 սպա՝ վերապատրաստված ՆԱՏՕ-ի զորավարժարաններում։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Լուգանսկի միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։

Նա հայտնել է, որ տարածք են բերվել նաև սպառազինություն և ռազմատեխնիկա, իսկ նոր ժամանած մարտիկները բարձր կարգապահություն և լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում