Ասել եմ` վետո է լինելու և վետո կլինի․ Վրաստանի նախագահը վիճահարույց օրինագծի մասին
Նմանատիպ
Նրանք, ովքեր Ռուսթավելիի պողոտայում կանգնած են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, ներկայացնում են ազատ Վրաստանը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Սուրաբիշվիլին իր հրապարակած ուղերձում։
Նա այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Նյու Յորքում, սակայն տեղեկանալով Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի մասին, հանդես է եկել ուղերձով՝ աջակցություն հայտնելով ընդդիմադիրներին։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը երկրում բուռն ռեզոնանս է առաջացրել։
«Ես դիմում եմ նրանց, ովքեր այս գիշեր կանգնած են Ռուսթավելիի վրա, քանի որ նրանք բազմիցս են կանգնել։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իմ հետևում Ազատության արձանն է: Ազատությունը խորհրդանիշ է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է… Ես ձեր կողքին եմ: Այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում, ոչ մեկին թույլ չի տա խլել այս ապագան։ Այս ապագան պատկանում է մեր հաջորդ սերնդին։ Սա այն ապագան է, որը պատրաստել էին նախորդ սերունդները, և մենք ենք պատրաստել։ Ոչ ոք իրավունք չունի քեզնից խլել քո ապագան։ Ոչ ոք իրավունք չունի թակարդներ լարել: Այս օրենքը ոչ մեկին պետք չէր, այն վերցված էր ոչ մի տեղից, բացի Մոսկվայի թելադրանքից։ Սա պետք է չեղարկվի: Ոչ մի ձևով այն չպետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ օրենք է սա։ Առաջին օրվանից ասել եմ, որ վետո է լինելու։ Եվ վետո կլինի։
Ինձ չի հետաքրքրում հոդված առ հոդված քննարկումը, դրա նմանությունը հին ամերիկյան օրենքին, որը, ինչպես շատ լավ գիտենք, ծառայում է միանգամայն այլ նպատակի։ Ինձ հետաքրքրում է միայն Վրաստանի ապագան, միայն սահմանադրությունը, որի երաշխավորը ես եմ, և այս սահմանադրությունն ասում է, որ Վրաստանի բոլոր ինստիտուտները և առաջին հերթին ես, կառավարությունը, իշխանությունները պարտավոր ենք անել ամեն ինչ այս երկիրը տանելու Եվրամիություն, պաշտպանելու եվրաինտեգրման ճանապարհը։ Այսօր այս օրենքին սատարողները և այս օրենքին կողմ քվեարկողները խախտում են սահմանադրությունը։ Դուք մեզ բոլորիս հեռացնում եք Եվրոպայից», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում