Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանից հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը

Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանից հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը

Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը:

Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Օրինագիծը հետ կանչելու մասին համատեղ հայտարարություն են տարածել իշխող թիմը՝ խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը։

Երկու օր շարունակ Վրաստանի մայրաքաղաքում լայնամասշտաբ ցույցեր էին տեղի ունենում, որոնք ուղեկցվում էին անկարգություններով և իրավապահների հետ բախումներով:

Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից:

Իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները պնդում էին, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի ընդդիմախոսները միաձայն հայտարարում էին, որ օրինագծերն ուղղակիորեն շեղվում են արևմտամետ կուրսից և ծառայում մեկ նպատակի՝ թույլ չտալ Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում