Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դիվանագիտական սադրանքին
Նմանատիպ
Իրանական ռազմական ինքնաթիռը գտնվել է Իրանի տարածքում՝ Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավիին Ադրբեջանի արտգործնախարարություն կանչելու մասին լուրը։
«Թեհրանը չի կարող դեսպան Մուսավիին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու փաստը դիտարկել որպես բարի մտադրությունների դրսևորւմ», – ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Դիվանագետի խոսքերի համաձայն, սահմանի խախտման մասին ռադարների արձանագրությունները ռադիոկապի միջոցով անմիջապես փոխանցվում են դիմացի երկրին։ «Որևէ նման նախազգուշացում այդ թռիչքի հետ կապված մենք չենք ստացել», – ասել է նա։
«Ադրբեջանի հետ մենք ռազմական ոլորտում հարաբերություններ ունենք։ Մեր դեսպանատունն ակտիվ աշխատում է, այնտեղ կա ռազմական կցորդ։ Եթե ադրբեջանցիների քայլը հենված լիներ բարի մտադրությունների վրա, ապա նրանք կարող էին դիմել Իրանի դեսպանատուն և մեր ռազմական կցորդին։ Հարցը կքննարկվեր և այս խնդիրը կարելի կլիներ հաղթահարել», – հավելել է Քանաանին։
Հիշեցնենք՝ երկու օր առաջ Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի ռազմական ինքնաթիռը մոտ կես ժամ հետախուզել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացրած տարածքները։ Պաշտոնական Բաքուն, այս առիթով, Ադրբեջանի ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին և նրանից բացատրություններ պահանջել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում