«Ինձ կձերբակալեն»․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

«Ինձ կձերբակալեն»․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հավանաբար երեքշաբթի կձերբակալն։ Պատճառը, ըստ լրատվամիջոցների, 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին «լռության դիմաց 130,000 դոլար կաշառքի վճարումն» է, որպեսզի վերջինս լռի և չբարձրաձայնի Թրամփի հետ իր կապի մասին։

Միաժամանակ, Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել բողոքի ալիքի, քանի որ իր կողմից կատարված որևէ հանցագործություն ապացուցված չէ և կատարվող իրադարձությունները խոսում են այն մասին, որ գործը քննող Մանհեթենի շրջանային դատախազությունը կոռումպացված և խիստ քաղաքականացված կառույց է։

Սակայն «էմոցիոնալ» Թրամփը կարծես թե շտապում է ուշադրություն գրավել․ ԱՄՆ նախկին նախագահի խոսնակը հայտարարել է, որ Թրամփը ձերբակալության մասին որևէ ծանուցում չի ստացել:

Թրամփը, այնուամենայնիվ, իր շուրջ ձևավորվող իրականությունը համարում է քաղաքական հետապնդում, քանի որ պոռնոաստղին վճարելու համար հետաքննությունը տեղի է ունենում կրիտիկական ժամանակաշրջանում․ Թրամփը ցանկանում է 2024 թվականին կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

ԱՄՆ ոչ մի նախագահի՝ պաշտոնավարելիս կամ դրանից հետո, քրեական մեղադրանք չի առաջադրվել: Թրամփը հայտարարել է, որ կշարունակի նախընտրական քարոզարշավը, նույնիսկ եթե իրեն մեղադրեն հանցագործության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում