Միջազգային լրահոս․ Մարտի 20

Միջազգային լրահոս․ Մարտի 20

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն միջազգային իրադարձությունները։ Ի՞նչ են խոսել Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում, ինչպիսի՞ն է իրավիճակն Ուկրաինական ռազմաճակատում և ինչ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի դեմ։ Այս և այլ կարևոր իրադարձությունների մասին կարդացեք մեր ամփոփ տեղեկագրում։

Լավրով-Միրզոյան հանդիպում 

Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Արտգործնախարարները քննարկել են երկկողմանի հարաբերությունների լայն շրջանակ և հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Լավրովը նշել է, որ հայ-ադրբեւանական հարաբերությունների կարգավորման բանակին շարունակում են մնալ 2020թ-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայատարարության դրույթները։ Լավրովը նաև կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, քանի որ դա ևս բխում է եռակողմ հայտարարության տրամաբանությունից։

Ռուսաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև, բայց նման փրձերը ձախողվելու են։ Նա նաև ուշագրավ հայտարարություն է արել 44-օրյա պատերազմի մասին․

«Չեմ ցանկանում խորանալ պատմության մեջ, բայց բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն, թե ինչպես է դա տեղի ունեցել»,-ընդգծել է ռուս դիվանագետը։

Զարգացումներ Իրանի շուրջ

Շարունակվում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և կարգավորման գործընթացը։ Այսպես Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Ռաիսին ընդունել է Սաուդյան թագավորի հրավերը։

Մյուս կողմից շարունակվում են Իրանի դեմ տնտեսական բնույթի պատժամիջոցները ամենատարբեր պատճառներից դրդված։ Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15 կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: Կանբերայում պնդում են, որ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձինք կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ:

Իսկ Եվրամիությունը սահմանել Է Իրանի դեմ պատժամիջոցների արդեն վեցերորդ փաթեթը՝ երկրում արձանագրված մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։

Իրավիճակն Ուկրաինայում 

«Ռուսաստանի հետ խաղաղության ծրագրի իրագործման առաջին և հիմնական պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ Ռուսաստանի օկուպացիոն զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից՝ միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»,- ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսեյ Դանիլովը Twitter-յան իր միկրոբլոգում։

Միևնույն ժամանակ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետների  հերթական զեկույցը ասում է, որ Արևելյան Ուկրաինայում ռուսական հարձակողական գործողությունների տեմպը  դանդաղել է վերջին շաբաթներին, ինչը կարող է վկայել, որ ռուսական զորքերի գարնանային հարձակումը մոտենում է ավարտին։ Նման իրավիչակում, ըստ զեկույցի, Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները  վերադարձնելու նախաձեռնությունը և սկսել հակահարձակում ռազմաճակատի ներկայիս գծի  կարևոր հատվածներում։

ԱՄՆ-ն իր հերթին նախատեսում է Ուկրաինային տրամադրել 350 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։ Օգնության նոր փաթեթը կներառի հրետանային արկեր, HARM հրթիռներ, հակատանկային զինամթերք, գետային նավակներ և այլ սարքավորումներ։

Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ ասել է, որ ներկայում ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ուկրաինայում հրադադարի հաստատումը, որովհետև այն միայն կվավերացնի այսօրվա դրությամբ Ռուսաստանի նվաճումները և Պուտինին ժամանակ կտա նոր մարդկանց պատրաստելու և նոր հարձակում պլանավորելու համար։

Չեխիայի նախագահ Պետր Պավելն էլ, ով 2015-2018 թվականներին զբաղեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ 2023-ին Ուկրաինայում ստեղծված իրավիճակում շրջադարձ կլինի։

«Ակնհայտ է, որ այս տարի որոշակի շրջադարձ պետք է լինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակում»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նախագահն ասել է լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ռազմական գործողություններն ասես ստատիկ կերպ են զարգանում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման փորձերը կշարունակվեն 2023 թվականին: Ըստ նրա՝ հակամարտող կողմերը կձգտեն բարելավել իրենց բանակցային դիրքերը։ Պետր Պավելը հավանական է համարել, որ Ուկրաինան կձգտի խոշոր հարձակման։

Զարգացումները Ռուսաստանում և նրա շուրջ 

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-ից 22-ը պետական ​​այցով լինելու է Ռուսաստանում։  Մոսկվայում Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինն ու Մոսկվան հուսալի գործընկերներ են: Նա շեշտել է, որ այս բոլորովին ոչ հանգիստ աշխարհում ՉԺՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն կանգնել՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի:

«Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են և հուսալի գործընկերներ, որոնք կապված են լեռներով ու գետերով»,-հայտարարել Է Չինաստանի ղեկավարը։ Պուտինն էլ ասել է, որ Ռուսաստանը միշտ բաց է բանակցային գործընթացի համար և հարգում է Ուկրաինայի վերաբերյալ չինական ծրագիրը: «Մենք անպայման կքննարկենք այդ բոլոր հարցերը, այդ թվում՝ ձեր նախաձեռնությունները, որոնց մենք անխոս հարգում ենք», – ասել է Պուտինը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ Ռուսաստանն ուժեղացնում է Մոլդովայում և Վրաստանում իրավիճակի վրա ազդելու իր փորձերը:

«Սա Ռուսաստանի ռազմավարության մի մասն է՝ ապակայունացնելու հասարակությունները, որոնք գնում են եվրոպական ճանապարհով», – ասել է նախարարը:

«Մենք նրանց հետ կիսում ենք եվրոպական արժեքները և աջակցում ենք նրանց ցանկությանը  ապրել խաղաղության և ազատության մեջ՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի միջոցով»,- վստահեցրել է Բերբոքը։

Ամերիկյան զորքերը տեղակայվել են Լեհաստանում 

Լեհաստանում կհայտնվի ԱՄՆ զինված ուժերի առաջին մշտական ​​կայազորը: Ինչպես այսօր հայտնել Է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, մարտի 21-ին տեղի կունենա «Լեհաստանի աջակցության տարածաշրջանային խումբը Լեհաստանում ԱՄՆ բանակի կայազորի վերափոխելու արարողությունը։

Լեհաստանում ԱՄՆ բանակի կայազորը կլինի ԱՄՆ զինված ուժերի ութերորդ մշտական ​​կայազորը Եվրոպայում և ԱՄՆ զորքերի առաջին մշտական ​​կայազորը Լեհաստանում: Ստորաբաժանումը ստեղծվում է 2022 թ.-ին ԱՄՆ նախագահի որոշման շնորհիվ և կզբաղվի Լեհաստանում տեղաբաշխված ամերիկացի զինվորների ենթակառուցվածքային ապահովմամբ: Կայազորի խնդիրները կներառեն նաև Լեհաստանում ամերիկյան զորքերի առաջադիրքերի ղեկավարումն ու կառավարումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում