Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։

Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել:

Երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին` Բլինքենն ասել է․ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ

Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: Այս մասին ասված է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին

Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը գերազանցի ուրանի հարստացման 60%-ի ցուցանիշը: Այդ մասին գրում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իր իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա աղբյուրին։

Նշվում է, որ Իսրայելը ծանուցել է ԱՄՆ-ին և Եվրոպայի մի քանի երկրների, որ Թեհրանի կողմից նման գործողությունները կարող են Թել Ավիվին հրահրել ռազմական ուժի կիրառման:

Մեկ այլ պաշտոնյա Axios-ին հայտնել է, որ Իրանը տեղյակ է այս թեմայի շուրջ Իսրայելի դիրքորոշման մասին։ Իր հերթին, մարտի 17-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է Իսրայելի և Գերմանիայի կողմից մեղադրանքները՝ միջուկային զենք ձեռք բերելու փորձի վերաբերյալ։

Մեդվեդևը թերահավատորեն է վերաբերվում թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ներին 

Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն:

«Այդ նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ։ Չի կարելի ասել, որ այն այդքան ֆանտաստիկ բան է»,- ասել է Մեդվեդևը։

Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ նախարարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայի, Աֆղանստանի, Անդրկովկասի և Կասպից ծովի իրադրության շուրջ:

Ակնկալվում է, որ կողմերը հանդիպմանը կվերանայեն երկկողմ օրակարգը` շեշտը դնելով առևտրատնտեսական բաղադրիչի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վրա:

Ղարաբաղում նոր առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղում նոր առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում։ 

«Մինչդեռ նման պայմանավորվածություն չկա, միասնականություն կար միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում»,-ասել է Զախարովան ու միաժամանակ քննադատել ԵՄ-ի Արևմուտքի ջանքերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում․

«Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ֆրանսիայի արտգործնախարարը կժամանի Երևան և Բաքու

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար  Կատրին Կոլոննան նախօրեին հայտարարել է, որ ծրագրում է ապրիլի ընթացքում այցելել Ադրբեջանի և Հայաստանի մայրաքաղաքներ։  Տեղեկությունը հայտնում է France 24-ը։

«Ես ծրագրում եմ ապրիլին մեկնել Բաքու և Երևան՝ հիշեցնելու քաղաքական լուծման անհրաժեշտության, հրադադարի անհրաժեշտության մասին,  ինչի շուրջ երկու կողմերը պարտավորություն են ստանձնել, և ընդգծելու, որ ուժի կիրառման սպառնալիքներն անընդունելի են»,-ասել է Կոլոննան սենատորներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում