Ինչու են նվազել կենսաթոշակային գումարները․ Պարզաբանում

Ինչու են նվազել կենսաթոշակային գումարները․ Պարզաբանում

ՀՀ քաղաքացիների` կենսաթոշակային ֆոնդերում պահված խնայողությունները նվազել են դրամի արժևորման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է տնտեսագետ Արմեն Քթոյանը` փարատելով ակտիվների նվազման շուրջ հանրության շրջանում առկա մտահոգությունները։

Կուտակային կենսաթոշակին ուղղվող գումարների նվազման մասին առաջին ահազանգերը ՀՀ քաղաքացիները հնչեցրին դեռ 2022թ–ի մայիս–հունիսին, երբ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ նվազեց։ Դոլարով արտահայտված կուտակումները 2022թ–ի երկրորդ եռամսյակի ընթացքում նվազեցին գրեթե կիսով չափ` կախված ֆոնդի ռիսկայնության աստիճանից։ Կենտրոնական բանկն այդ ժամանակ հանդես եկավ պարզաբանմամբ` վստահեցնելով, որ երևույթը ժամանակավոր է ու անհանգստանալու առիթ չկա։ Այսօր ևս դոլարի փոխարժեքից կախված կուտակային կենսաթոշակային ֆոնդերում նվազման միտումը նկատելի է, բայց ավելի փոքր չափով։

«Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մի մասը արտարժույթով է, և եթե այդ ակտիվը փոխարկես դրամի, ապա դրամով արտահայտված այն ավելի ցածր արժեք կունենա, քան, ասենք, 1 տարի առաջ»,– ասել է տնտեսագետը։

Քթոյանի գնահատմամբ` իրավիճակը ժամանակավոր է, «կորուստներն» էլ կվերականգնվեն, հենց որ դոլարը դարձյալ ամրապնդիր իր դիրքերը դրամի նկատմամբ։ Այլ կերպ ասած` գումարները նվազել են միայն դրամով, դոլարային արտահայտությամբ դրանք մնացել են անփոփոխ։

«Սա այս պահին առկա իրավիճակի արձանագրումն է, որը չեմ կարծում, թե երկարաժամկետ հորիզոնում կպահպանվի»,– ասաց տնտեսագետը։
Նա հիշեցրեց, որ կենսաթոշակային ֆոնդերին ի պահ տրված գումարները նախատեսված են ապագայի` կենսաթոշակային տարիքի համար, հետևաբար դրանցում այսօր տեղի ունեցող որոշակի տատանումները էապես չեն ազդում բուն խնայողությունների տրամաբանության վրա։

«Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, որոնք ներգրավված են, ակտիվների կառավարման բավական հարուստ փորձ ունեն և կարող են կառավարել շատ ավելի լավ, քան միջին վիճակագրական պոտենցիալ թոշակառուն, հետևաբար երկարաժամկետ հատվածում հնարավոր ռիսկերն այս պարագայում շատ ավելի նվազ կլինեն, քան եթե մենք այդ գումարները կառավարեինք այլ կերպ»,– ասաց Քթոյանը։

Ինչ վերաբերում է դրամ–դոլար փոխարժեքային տատանումներին, տնտեսագետը շեշտեց, որ 2022թ–ին դրամի նկատմամբ դոլարը էժանացել էր` պայմանավորված ՀՀ մեծ ծավալով դոլարի ներհոսքով, ինչը, մեր զրուցակցի դիտարկմամբ, շոկային երևույթ է, ու դոլարը վաղ թե ուշ վերականգնելու է իր դիրքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում