Իրանն ու Սաուդյան Արաբիան յոթ տարվա ընդմիջումից հետո պաշտոնապես վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։ Երկու երկրների արտգործնախարարները համապատասխան համաձայնագիր են ստորագրել հինգշաբթի՝ ապրիլի 6-ին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։
Երկու ամսվա ընթացքում դեսպանատներն ու հյուպատոսությունները պետք է վերաբացվեն. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թվիթերյան իր էջում գրել է, որ իր հանդիպումը սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ «դրական» է եղել։ Բանակցություններում քննարկվել են «կայունության, կայուն անվտանգության և տարածաշրջանային զարգացման» հարցեր, հավելել է իրանցի նախարարը։ Դա 2016 թվականից ի վեր այս մակարդակով երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ հանդիպումն էր, հաղորդում է Reuters-ը։
Մերձեցումը տեղի է ունեցել Չինաստանի միջնորդությամբ։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին կողմերը հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու պատրաստակամության մասին։ Որպես հաշտեցման առաջին քայլ՝ նախատեսվում էր արտգործնախարարների հանդիպում։