Ազնավուրի «հավերժական սերերը»

Ազնավուրի «հավերժական սերերը»

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ…»

Շառլ Ազնավուր

Այսօր փոքրամարմին ֆրանսիացու և մեծանուն հայի՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյանի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Արդեն 5-րդ գարունն է, որ աշխարհն ապրում է առանց Ազնավուրի, բայց նրա սիրտ շոյող ու հոգի բուժող երգերը հավերժ կմնան մարդկության սեփականությունը։

Նրա ծննդյան 99-ամյակի կապակցությամբ Times-ը որոշել է պատմել լեգենդի սիրո պատմությունների մասին։

Ազնավուրն ամուսնացած է եղել 3 անգամ, իր կանանցից ունեցել 6 զավակ։ Սակայն որքան էլ զարմանալի է, նա ինքը խոստովանել է, որ ունեցել է 2 «հավերժական սեր», սակայն նրանցից ոչ մեկը չի եղել նրա կանանցից որևէ մեկը։

Ազնավուրի առաջին «հավերժական սերը» եղել է ֆրանսիական բեմի թագուհի Էդիթ Պիաֆը։

Երիտասարդ Շառլ Ազնավուրն ու Էդիթ Պիաֆը․ Փարիզ, 1950թ․

Ֆրանսիացի քմահաճ հանդիսատեսի սրտերն արդեն նվաճած և հայտնիության փառքը վայելող Պիաֆը ճակատագրական դեր է խաղացել Շառլ Ազնավուրի կյանքում, ով մինչ նրան հանդիպելը եղել է կաբարեներում երգող երաժիշտ։ Նրա հետ ծանոթությունը Ազնավուրի համար մեծ բեմ դուրս գալու և հաջող կարիերա սկսելու խթան է դարձել։

Մի երեկո Կաբարեում ծանոթանում են Շառլն ու Պիաֆը․ նրանք ողջ գիշեր խմում են, խոսում, իսկ լուսադեմին Պիաֆն առաջարկում է Ազնավուրին իր հետ ԱՄՆ գնալ: Պիաֆի առաջարկից անակնկալի եկած Շառլը ստիպված է լինում հայտնել, որ ինքը փող չունի ԱՄՆ մեկնելու համար, իսկ Պիաֆի պատասխանը դառնում է Ազնավուրի արժանապատվության ամենամեծ մարտահրավերը.

«Իսկական տղամարդը կգտնի»,- հայտարարում է Պիաֆը:

Շառլը գտնում է․

Ազնավուրը երգեր էր գրում Պիաֆի համար, նրա քարտուղարն էր, վարորդը, օգնականը, բաժակի ընկերը, բայց երբեք նրա սիրեկանը: Պիաֆի այդ նախընտրությունը շատերին էր զարմացնում՝ ի՞նչ է նրա մեջ գտել: Շատերի պատասխանն էր` ինքն իրեն …

Իսկապես երկուսն էլ ֆրանսիական չափանիշներով գեղեցիկ չէին, ցածրահասակ, ինքնավստահ, բայց տաղանդավոր: Երբ Շառլը ավելին անելու քայլեր էր անում, ֆրանսիական միջավայրում շատ էին ծաղրում նրա հայկական մեծ քթի համար՝ ասելով, թե ուր է ուզում գնալ այդ փոքրիկ հայը: Պիաֆը ստիպեց Ազնավուրին գնալ պլաստիկ վիրահատության: Նաև դրա համար Ազնավուրը ասել էր, որ Էդիթն իրեն ստիպեց ֆրանսիացի դառնալ: Շատ անգամ էր փորձել հեռանալ Էդիթից, ամուսնացել, բաժանվել, բայց դարձյալ նրա մոտ վերադարձել:

Լայզա Մինելլի և Շառլ Ազնավուր

1960-ականներին Նյու Յորքում Ազնավուրը հանդիպեց իր կյանքի մեկ այլ հայտնի կնոջ՝ Լայզա Մինելլիին ու սիրահարվեց: Մինելլին 17 տարեկան էր, Շառլը` 39: Շառլն արդեն հռչակավոր էր, Լայզան դեռ նոր-նոր էր քայլեր անում:

«Ինձ համար հավերժական սերը ամփոփվում է երկու պայծառ կերպարների մեջ՝ Էդիթ Պիաֆ և Լայզա Մինելլի: Շնորհիվ Էդիթի, ես դարձա ֆրանսիացի, մենք շատ ընդհանուր բաներ ունեինք, այդ թվում մեր անցյալը, որի մասին միշտ տխրությամբ էինք հիշում: Ես սիրել եմ նաև Լայզա Մինելլիին, բայց սովորաբար այդպիսի սերը ապագա չի ունենում, այդպիսի սիրուց միայն երգեր են ծնվում: Հավերժական սերը ձեզ օրինակ»

Շառլ Ազնավուր

Նրանց այս երգը թարգմանվեց տարբեր լեզուներով, լեյտմոտիվ դարձավ տարբեր ֆիլմերում: Այն հնչեց «Թեհրան-43 ֆիլմում»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում