Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատճառով բախումներ են սկսվել ինքնահռչակ հանրապետության ոստիկանական ուժերի և տեղացի սերբերի միջև։
Սերբիայի նախագահը հրահանգել է զինված ուժերին շարժվել դեպի Կոսովոյի հետ Սահման։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում պաշտոնապես հայտարարել է երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչեվիչը։
«Սերբիայի նախագահն ու մեր զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Վուչիչը հրամանագիր են ստորագրել Սերբիայի զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակությունը ամենաբարձր մակարդակի հասցնելու մասին և հրամայել նրանց արագ առաջ շարժվել Կոսովոյի հետ սահմանակից Մետոհիա երկրամաս»,- գրել է Վուչևիչը։
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը նաև ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ տեղի ունեցող իրադարձությունները վաղուց կանխատեսված էին, և որ «Պրիշտինան (Կոսովոյի մայրաքաղաքը․ խմբ․) շարունակում է սրել իրավիճակն ու ահաբեկչություն իրականացնել սերբերի դեմ․․․ այս ամենը հատում է կարմիր գծերը, տանում են երկխոսության լիակատար փլուզման»։
Ավելի վաղ հաղորդվում է, որ Սերբիայի նախագահ Վուչիչը դիմել է ՆԱՏՕ-ին՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել Կոսովոյում սերբերի հանդեպ բռնությունները։
Իրավիճակը դուրս է եկել հսկողությունից, երբ ընտրությունների ժամանակ սերբական համայնքը բոյկոտել է ընտրությունները, ինչի արդյունքում մասնակցությունը կազմել է ընդամենը 3․47 տոկոս, մինչդեռ Կոսովոյի իշխանությունները ընտրությունները համարել են կայացած և փորձել են շրջանների կառավարիչ նշանակել ալբանացիների։
Ի պատասխան՝ տեղի սերբ բնակչությունը փակել է վարչական շենքերի մուտքերը, բախումներ են սկսվել ոստիկանության և քաղաքացիների միջև, գործադրվել է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։