Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Սերխիո Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը հատուկ օր է, վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս մեկ այլ փուլին, հրաժեշտ կտամ ՊՍԺ-ին։

Այս մասին իր սոցցանցերի իր էջերում գրել է Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն»-ի պաշտպան, Մադրիդի «Ռեալի» լեգենդ Սերխիո Ռամոսը։

«Չգիտեմ, թե քանի տեղում կարելի է զգալ ինչպես տանը, բայց, անկասկած, ՊՍԺ-ն, երկրպագուներն ու Փարիզը նրանցից մեկն էին ինձ համար։ Շնորհակալ եմ երկու յուրահատուկ տարիների համար, երբ ես կարողացա խաղալ յուրաքանչյուր մրցաշարում ու տալ իմ ամենը: Ես կկանգնեմ նոր մարտահրավերների առջև, կհագնեմ այլ գույներ, բայց առաջին ու վերջին անգամ»,- հավելել է իսպանացի վետերանը։

Ռամոսի հեռանալու մասին հայտնել է նաև ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին։

Ֆրանսիական ակումբը 3-րդն է 37-ամյա պաշտպանի կարիերայի ընթացքում։ Իր առաջին քայլերը Ռամոսը սկսել է իսպանական «Սևիլյա»-ում։

2005 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղ 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, 5 անգամ Լա Լիգայի, 2 անգամ Իսպանիայի գավաթի, 4 անգամ ակումբային աշխարհի առաջնության, 3 անգամ ՈւԵՖԱ-ի սուպեր գավաթի, 4 անգամ Իսպանիայի սուպեր գավաթի հաղթող։

Իսպանիայի հավաքականի կազմում Սերխիո Ռամոսը նաև 2 անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (2008 և 2012թթ.) և մեկ անգամ Աշխարհի չեմպիոն (2010թ.)։

Ռամոսը ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին։ Այս ընթացքում 2 անգամ դարձել է Ֆրանսիայի առաջնության, իսկ 1 անգամ սուպեր գավաթի հաղթող։ Իսպանացի պաշտպանի պայմանագիրը «փարիզցիների» հետ լրանում է այս տարվա հունիսի 30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում