Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս անգամ հերթը 21-րդ դարի լավագույն կիսապաշտպաններից մեկի՝ խորվաթ Լուկա Մոդրիչի մասին է։

37-ամյա Մոդրիչը կհեռանա Արքայական ակումբից, հաղորդում է Sport.es-ը։ Նրա պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին և չի երկարաձգվի։

Մոդրիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այդ երկրի ակումբներից մեկը Մոդրիչի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր, որով նա կստանա 120 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Վերջին տասնամյակում Մոդրիչը եվրոպական ֆուտբոլում Մադրիդի «Ռեալի» դոմինանտության գլխավոր կերտողներից էր․ կիսապաշտպանության գծում Լուկան երկար տարիներ համարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ 2018թ-ին արժանիորեն ստացել է Ոսկե գնդակ մրցանակը այն բանից հետո, երբ իր ազգային հավաքականին առաջնորդեց դեպի աշխարհի առաջնության եզրափակիչ։

Հիշեցնենք նաև, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալը» կլքեն նաև Կարիմ Բենզեման, Մարկո Ասենսիոն, Էդեն Ազարը և Մարիանո Դիասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում