Հունիսի 14-ից կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը

Հունիսի 14-ից կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 7-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների՝ 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին։

Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից՝ ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը:

Բացի այդ, կողմերը քննարկել են 2023 թվականի 5 ամիսների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում