Ուկրաինական հակահարձակում՝ ծանր կորուստների գնով․ Forbes
Նմանատիպ
Պաշտոնական Կիևը, ինչպես նաև նրա Արևմտյան դաշնակիցները հայտարարում են, որ ուկրաինական զինված ուժերը արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ սկսել են հակահարձակում Ռուսաստանի հետ զորքերի շփման գծի երկայնքով։
Սպասվող հակահարձակումը երկար ժամնանակ հետաձգվում էր՝ ելնելով եղանակային պայմաններից, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների անհրաժեշտությունից։
Ուկրաինական զինված ուժերի հիմնական հարվածը կենտրոնացված է Զապորոժյայի շրջանի ուղղությամբ, որտեղ գտնվում է նաև ռուսական զորքերի համար ռազմավարական նշանակություն ունեցող Մելիտոպոլ քաղաքը։
Ուկրաինական կողմը արդեն իսկ հայտնել է հաջողությունների մասին․ պաշտոնական Կիևը հայտնում է, որ Ուկրաինան իր վերահսկողության տակ է վերադարձրել 7 գյուղ հարավային Զապորոժյայում։ Երկրի պաշտպանության նախարարը հայտնում է, որ ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է վերդարձվել մոտ 90 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք։
Չնայած այս բոլոր տարածքային ձեռքբերումներին՝ ուկրաինական կողմը կրում է նաև ծանր կորուստներ։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ դաշնակից պետություններից ստացված ռազմական տեխնիկայի մի մասը լքվել է մարտի դաշտում կամ ամբողջովին շարքից դուրս է բերվել։ Կիրակի օրը Forbes ամերիկյան ամսագիրը հայտնել է, որ Ուկրաինան կորցրել է իրեն տրված ֆիննական Leopard 2R մոդելի ինժեներական մեքենաների կեսը, իսկ CNN-ի տվյալների համաձայն` Ուկրաինական հակահարձակման հետևանքով շարքից դուրս է բերվել թվով 16 ամերիկյան M-2 Bradley հետևակի մարտական մեքենա։ Տեխնիկական կորուստների ցուցակը համալրել են նաև որոշ թվով Leopard 2A5 տանկեր, ինչպես նաև խորհրդային արտադրության ԻՄՌ – 2 ինժեներական մեքենաներ։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր ռազմի դաշտում ուկրաինացիներից գրավված գերմանական արտադրության Leopard 2A5 տանկերի և ամերիկյան Bradley ՀՄՄ-ների մասին, որոնք սարքին վիճակում են եղել։
Ֆորբսը, սակայն, հայտնում է որ տեխնիկական կորուստների պատճառներից են նաև շարունակական ծանր եղանակային պայմանները և ռուսական օդուժի հաստատած գերակայությունը։ Բացի այդ, կորուստների մեծությունը կախված է նաև հակահարաձկողական գործողությունների ժամանակ ճեղքման դժվարությունից։ Ըստ ամսագրի՝ նույնիսկ լավագույնս զինված և պատրաստված բանակները հակահարձակումների ժամանակ կարող են կորցնել սեփական ուժերի մինչև կեսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում