Ռուսական ՄՌԿ-ներն Ուկրաինայում․ մոբիլիզացիայի այլընտրանք

Ռուսական ՄՌԿ-ներն Ուկրաինայում․ մոբիլիզացիայի այլընտրանք

Ինչպես արդեն գրել ենք՝ մինչև հուլիսի 1-ը Ուկրաինայում կռվող ռուսական բոլոր «կամավորական ջոկատները» պետք է պայմանագիր կնքեն ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ համաձայն Սերգեյ Շոյգուի հրամանագրի։ ՊՆ-ն այս պահանջը բացատրել է նման կազմավորումներին «անհրաժեշտ իրավական կարգավիճակ» տալու ցանկությամբ։

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կան 40-ից ավելի նման ռազմական կառույցներ»,- ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։ Մինչև հունիսի 22-ը Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցող ավելի քան 20 «կամավորական ստորաբաժանումներ» արդեն պայմանագրեր են կնքել նախարարության հետ։

Միևնույն ժամանակ, պատերազմի սկզբից վարչությունը «կամավորներ» է անվանել նաև մասնավոր ռազմական կազմակերպությունների (ՄՌԿ) ներկայացուցիչներին։

ՊՆ հայտարարության համաձայն՝ առաջին պայմանագիրը կնքվել է չեչենական «Ախմատ» կամավորական ջոկատի հետ։ Եվգենի Պրիգոժինը («Վագներ» ՄՌԿ), Ուկրաինայում կռվող ամենահայտնի մասնավոր խմբավորման սեփականատերը, հրաժարվել է ստորագրել պայմանագիրը՝ Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հակամարտության ֆոնին։

«Ռեդուտ» ՄՌԿ

Առաջին այդպիսի խմբավորումը, որի մասնակցությունը Ուկրաինայում ռազմական գործողություններին հայտնի դարձավ, «Ռեդուտ» մասնավոր ռազմական ընկերությունն էր։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինական հետախուզության տվյալներով այն բաղկացած էր մոտ 7000 մարտիկից։

«Նովայա գազետա»-ն առաջին անգամ Ռեդուտի մասին հայտնել է 2019թ.։ Խմբավորումը ստեղծվել է դեռևս 2008 թվականին, որը Սիրիայում զբաղվում էր «Стройтрансгаз» ընկերության օբյեկտների պաշտպանությամբ։ Ըստ DW-ի աղբյուրների՝ «Ռեդուտ» կազմակերպությունը վերահսկվում է Վլադիմիր Պուտինի ընկերոջ՝ Գենադի Տիմչենկոյի կողմից։

«Մեդուզա»-ն և «Նովայա գազետա»-ն հարցազրույցներ են վերցրել տարբեր պաշտոնյաներից, որոնք «Ռեդուտ» ՄՌԿ-ն կապել են ՌԴ ՊՆ-ի հետ և անվանել են նաև «Պաշտպանության նախարարությանը պատկանող» միավորում։

«Պոտոկ», «Ֆակել»

Ուկրաինայի հետախուզությունն առաջինն էր, որ 2023 թվականի փետրվարին զեկուցեց «Գազպրոմի» կողմից սեփական մասնավոր ռազմական ընկերության ստեղծման մասին։ Ըստ տվյալների՝ «Գազպրոմ» ընկերությունում պատերազմին մասնակցելու «կամավորների» հավաքագրումը սկսվել էր անցյալ տարվա օգոստոսին։ Խոսքը «Պոտոկ» և «Ֆակել» ՄՌԿ-ների մասին է։

Դեռևս ապրիլին Եվգենի Պրիգոժինն ասել էր, որ «Գազպրոմ»-ի կողմից ստեղծված մասնավոր ռազմական ընկերությունները ևս մասնակցում են պատերազմին։

«Պոտոկ» և «Ֆակել» մասնավոր ռազմական ընկերությունների կապը Գազպրոմի հետ անուղղակիորեն հաստատվել է այլ աղբյուրներով. այս մասին պատմել է ռուս ռազմագերիներից մեկը։

Ո՛չ «Ֆակել»-ի, ո՛չ «Պոտոկ»-ի թվաքանակի մասին ստույգ տեղեկություններ չկան, ուստի մարտի դաշտում նրանց ունեցած ազդեցությունը ևս հայտնի չէ։

«Վագներ» ՄՌԿ

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզությունները տրամադրել են տվյալներ, որոնց  համաձայն՝ Ուկրաինայում Վագների ՄՌԿ-ում ծառայել/ծառայում է մինչև 50 հազար մարդ, որոնցից շուրջ 40 հազարը հավաքագրված բանտարկյալներ են։

Մասնագետները նշում են, որ բոլոր մասնավոր ռազմական կազմակերպությունների մեջ ամենից էական դերն ունի «Վագներ» ընկերությունը։

Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության փորձագետ Պավել Լուզինը ուշադրություն է հրավիրել այն ​​փաստի վրա, որ ՄՌԿ «Ռեդուտ»-ի դեպքում խոսքը ոչ թե մասնավոր ռազմական ընկերության, այլ ՊՆ-ի կողմից «շահադիտական ​​մեխանիզմի» կիրառման մասին է։

«Վարձկաններն ի սկզբանե օգտագործվում էին Ռուսաստանի կողմից երեք հիմնական նպատակների համար՝ կանոնավոր բանակին հակակշիռ ստեղծելու, բյուրոկրատական ​​համակարգից դուրս գործելու, կառավարման հաստատված գործելաոճից դուրս ռազմական ղեկավարությանը պատասխանատվությունից պաշտպանելու համար», – նշել է Լուզինը:

Շատ վերլուծաբաններ ՄՌԿ-ների աճող թվի ի հայտ գալը կապում են Կրեմլի ցանկության հետ՝ պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրելու՝ առանց մեկ այլ լայնածավալ մոբիլիզացիայի դիմելու:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը խռովություն բարձրացրեց Ռուսաստանի պետական իշխանության դեմ և զավթեց Դոնի Ռոստովի ու Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ավելի ուշ, Բելառուսի նախագահի միջնորդությամբ հաջողվեց համոզել պրիգոժինին հետ գնալ դեպի ելման դիրքեր, իսկ ինքը Պրիգոժինը հեռացավ Բելառուս։ 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում