«Վագներ» ՄՌԿ-ն ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ ՊՆ-ին

«Վագներ» ՄՌԿ-ն ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ ՊՆ-ին

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն իր տրամադրության տակ եղած ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը:

«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Վագներ» ՄՌԿ-ի կողմից ծանր ռազմական տեխնիկան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործող ստորաբաժանումներին փոխանցելու համար», – գրված է հայտարարությունում:

Հունիսի 26-ի տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» ՄՌԿ-ի զինվորներին ընտրության առաջ էր կանգնեցրել՝ շարունակել ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով Պաշտպանության նախարարության կամ այլ ուժային մարմինների հետ, վերադառնալ իրենց հարազատների մոտ կամ մեկնել Բելառուս:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ խռովության մասնակիցները հետապնդման չեն ենթարկվի, քրեական գործը կարճվել է:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրել էր ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը:

«Առայժմ «Վագների» ճակատագիրը պարզ չէ, բայց հունիսի 23-24-ի ՄՌԿ-ի գործողություններից հետո նրա ներքին կառուցվածքը, թիվը, անվտանգությունը և ենթակայությունը կփոխվեն»,- ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

Նրա խոսքով՝ Պետդուման սկսել է աշխատել Ռուսաստանում մասնավոր ռազմական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում