Մոսկվան Բաքվին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա

Նմանատիպ
Ռուսաստանը խիստ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առկա տեղեկություններով հումանիտար իրավիճակը ԼՂ-ում վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ դեպի Ղարաբաղ մատակարարումների դադարեցումից հետո բնակչությունը կարող է մնալ առանց մթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի։ Սա հակասում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվին և Երևանին կոչ է արել բոլոր խնդիրները լուծել բացառապես քաղաքական ճանապարհով․ «Ադրբեջանին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը»։
Վերջին շրջանում ադրեբաջանական պետական լրատվամիջոցներն Արցախում ռազմական գործողություններ սկսելու տեղեկատվական նախապատրաստություն են իրականացնում։ Հարցին, թե հնարավոր էսկալացիայի դեպքում ռուս խաղաղապահները կպաշտպանեն արցախցիներին, Զախարովան պատասխանել է․ «Ռուս խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն «գետնի վրա» իրավիճակի զարգացմանը»։
Մարիա Զախարովան նաև հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի տարածաշրջան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը, նա նշեց․ «Եթե այդպիսի տեղեկություն լինի, մենք կհաղորդենք»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն արձագանքել է նաև ԼՂ հարցում Ֆրանսիայի նախագահ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ նշելով, որ դրանում կոնկրետ արդյունք չկա։ Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան վարկաբեկել է իր դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Նրա խոսքով՝ Փարիզը նույնպես իր դերն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մեջ՝ Հայաստան ուղարկելով եվրոպացի դիտորդների կասկածելի առաքելություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում