Լեմկինի ինստիտուտը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Լեմկինի ինստիտուտը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը այսօրվա համաշխարհային առաջնորդներին երբեք թույլ չի տա մոռանալ Արցախում 4000-ամյա ժողովրդի և քաղաքակրթության ոչնչացման գործում իրենց մեղսակցությունը։ Այս հայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի` X սոցցանցի էջում։

«Ո՛չ ԱՄՆ–ում, ո՛չ ԵՄ–ում, ո՛չ ՆԱՏՕ–ում, ո՛չ ՄԱԿ–ում չկա «Ցեղասպանության կանխարգելում» եզրույթը՝ չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին ու ճառերին: Մենք հույս ունեինք, որ այս միակ դեպքում, ցեղասպանության կանխարգելման այս փոթորկի մեջ կգտնվի լուրջ իշխանություն ունեցող մի խիզախ ձայնը, որը ճիշտ կվարվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինստիտուտից նշում են, որ աշխարհում այսօր իրական առաջնորդներ չկան, իսկ եղածները չեն վախենում, որ մի օր կդառնան այս սարսափի թիրախներից մեկը, և շեշտում` աշխարհի բոլոր մարդիկ պետք է միավորվեն և վերջ դնեն իշխանության ու ռեսուրսների այս անվերջ ծարավին, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ:

«Հասարակ մարդիկ չեն շահում ցեղասպանությունից։ Աշխարհում ոչ մի մարդ չի շահի այս լուսանկարում պատկերված ծերունու կոտրված սրտից»,- նշված է հայտարարության մեջ:

Լեմկինի ինստիտուտից կոչ են անում բոլորին միավորվել աշխարհի սխալ դրվածքը փոխելու համար` ընդգծելով, որ դա պետք է անել արագ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեմկինի ինստիտուտի վերլուծաբանները հանդես էին եկել զեկույցով, որտեղ մանրամասնորեն անդրադարձել են Արցախի պատմությանը, շրջափակման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին, ինչպես նաև 2020 թ․-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և դրանում Թուրքիայի դերակատարությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում