ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ին օգնություն տրամադրելու հնարավորությունը

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ին օգնություն տրամադրելու հնարավորությունը

Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, ինչպես նաև վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսը հրապարակվել է ԵՄ դիվանագիտության X–ի միկրոբլոգում։

«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը։ Բացի այդ, մենք որոշել ենք ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայացուցիչների թիվը և ուժեղացնելով պարեկությունը սահմանի զգայուն հատվածներում»,– ասել է Բորելը։

Նա նաև նշել է, որ պետք է շատ զգոն լինեն Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ։ Ըստ Բորելի` Ադրբեջանին ուղղված իրենց ուղերձը պարզ է` Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների որակի համար:

«Կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,– ընդգծել է նա:

Ժոզեպ Բորելը հայտարարել է` Եվրամիությանն անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և իրենք մտադիր են շարունակել իրենց միջնորդական դերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում