ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի աշխատակարգը հաստատվել է

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի աշխատակարգը հաստատվել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվել է։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարել է, որ այսպիսով հաստատվում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ–ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

«Հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ են որոշվելու նիստերի անցկացման վայրն ու ժամը։ Նիստերը հաջորդաբար անցկացվելու են ՀՀ–ի և Ադրբեջանի տարածքներում կամ սահմանին, կամ 3–րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանձնաժողովի բոլոր մասնակիցների համար նիստի անցկացման երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ և կապահովվի անվտանգությունը»,– ընդգծել է փոխնախարարը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։

«Հաջորդ փուլում մշակելու ենք մեկ այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի ու որով նաև մեթոդաբանությունն ենք նկարագրելու, սահմանելու, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով։ Այս մեթոդաբանությունը մշակելուց հետո աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերի ու տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով»,– նշել է փոխվարչապետը։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը ևս այսօր համարժեք որոշում է ընդունելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ առաջին անգամ սահմանազատման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա։

«Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային»,– ընդգծել է նա։

Ըստ վարչապետի` այսպիսով հնարավորինս կակտիվանան սահմանազատման ուղղությամբ աշխատանքները այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն իսկ հրապարակվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում