Հաղթելու դեպքում Թրամփը մտադիր է արմատական փոփոխություններ անել. Reuters

Հաղթելու դեպքում Թրամփը մտադիր է արմատական փոփոխություններ անել. Reuters

2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփը մտադիր է արմատական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ առանցքային պաշտոններում «հավատարիմների» նշանակումը և Չինաստանի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունը: Այս մասին գրում Է Reuters-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը հաճախ է հիասթափություն հայտնել բարձրաստիճան պաշտոնյաների առնչությամբ, որոնք «արգելակել, հետաձգել կամ հետ են պահել իրեն որոշ ծրագրերից»:

«Նախագահ Թրամփը հասկացել է, որ անձնակազմը քաղաքականություն է»,-Reuters-ին ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով չորրորդ և վերջին խորհրդական Ռոբերտ Օ ‘ Բրայենը:

Նրա խոսքով՝ Թրամփի կառավարման օրոք շատ մարդիկ են եղել, որոնք շահագրգռված են եղել իրականացնել իրենց սեփական, այլ ոչ նախագահի քաղաքականությունը: Այժմ ավելի շատ «հավատարիմ» մարդկանց առկայությունը Թրամփին թույլ կտա ավելի արագ և արդյունավետ առաջ տանել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Reuters-ին հայտնել են նախկին նախագահի ներկա և նախկին օգնականները:

Նրանք նաև հայտնել են, որ եթե նա վերադառնա իշխանության, ապա «ժամանակ չի վատնի» և կկրճատի պաշտպանական օգնությունը Եվրոպային, ինչպես նաև առևտրային մաքսատուրքեր կսահմանի ՆԱՏՕ-ի այն երկրների համար, որոնք իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը չեն հատկացնում պաշտպանությանը: Բացի այդ, Թրամփը կշարունակի կրճատել Չինաստանի հետ առևտրի ծավալները։

Դրա հետ մեկտեղ, Reuters-ի աղբյուրների տվյալներով, Վաշինգտոնում լուրջ մտավախություններ կան, որ Թրամփը կարող է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը:

«Խոսակցություններ կան, որ Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ին դուրս բերել ՆԱՏՕ-ից կամ դուրս գալ Եվրոպայից, իհարկե, դա տագնապալի է հնչում, բայց մենք խուճապի մեջ չենք»,-գործակալությանը ասել է Մերձբալթյան պետություններից մեկի դիվանագետը:

Նախկին նախագահի օգնականները նաև մտահոգություն են հայտնել, որ «Ամերիկան չափազանց շատ է վճարում ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ Ուկրաինային աջակցելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում