ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին

ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին

Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն իրականացվել են ճիշտ ժամկետում և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր», – ասել է դեսպանը։

Միևնույն ժամանակ Կոպիրկինն ընդգծել է.«Որոշ առանձին պայմանագրերի դեպքում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանական պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»։

Նա նաև ընդգծել է, որ չի կարելի հերքել, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում կան որոշակի տարաձայնություններ։ Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել անկեղծորեն և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին։

Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու որոշմանը:

«Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նախկինում, այն է, որ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն առավելությունները, որոնց մասին այստեղ խոսում են որոշ քաղաքական գործիչներ։ Մեզ համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն (Միջազգային քրեական դատարան) իրեն լիովին վարկաբեկել է միջազգային իրավունքին հակասող իր քաղաքականացված որոշումներով։ Բացի այդ, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին», – ասել է դեսպանը:

Կոպիրկինը հավելել է, որ «այս որոշումը չի նպաստում ռուս-հայկական փոխգործակցության ամրապնդմանը»։

Կոպերկինը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության գնահատման հարցում Մոսկվան  առաջնորդվում է ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններով:

«Այս հարցում մենք առաջին հերթին առաջնորդվում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններով, ըստ որոնց՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում», – ասել է Կոպիրկինը։

Նա նաև հավելել է նաև, որ խորհրդակցությունների ընթացքում ռուսական և հայկական կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապի ուղիների ստեղծման շուրջ՝ հնարավոր տարաձայնությունները լուծելու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում