Ռուսաստանը «պատերազմական տնտեսություն է դարձել». Վաշինգտոն
Նմանատիպ
Ըստ ԱՄՆ վարչակազմի, Ռուսաստանը տնտեսությունը դրել է պատերազմական հիմքերի վրա՝ վերակողմնորոշելով իր արդյունաբերությունը հատուկ ռազմական գործողության համար զենքի և այլ սարքավորումների արտադրության ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այլընտրանքի բացակայության պատճառով Ռուսաստանն այժմ վերածվել է պատերազմական տնտեսության»,- ասել է նա հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագրին։
Նրա խոսքով, «Ռուսաստանի Դաշնության արտադրական կարողությունները և աշխատուժը ուղղակիորեն վերակողմնորոշվել են զենքի և այլ անհրաժեշտ իրերի արտադրությանը»։
Ամերիկյան վարչակազմը համոզված է, որ այս անցումը «թուլացրել է Ռուսաստանի ներքին տնտեսությունը», և որ Մոսկվան ունի ռեսուրսներ ռազմական գործողությունները շարունակելու միայն կարճաժամկետ հեռանկարում։
Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները գործում են, քանի որ Մոսկվան ստիպված է եղել «շատ ժամանակ և ռեսուրսներ» ծախսել այդ սահմանափակումները շրջանցելու ուղիներ գտնելու համար՝ «պատերազմ վարելու անհրաժեշտ բաղադրիչները» ստանալու համար։ Ցանկը, ըստ վարչակազմի պաշտոնյայի, ներառում է «կիսահաղորդիչներ, հաստոցներ, քիմիական պրեկուրսորներ և օպտիկական համակարգեր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում