Թրամփը ողջունել է դատարանի որոշումը իր նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ
Նմանատիպ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը հրաժարվել է արագացված ռեժիմով քննարկել իր նախագահական անձեռնմխելիության հարցը մեղսագրվող արարքների համատեքստում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ծախու Ջո Բայդենն ու նրա կամակատարները երեք տարի սպասել են այս շինծու գործը հարուցելու համար, և հիմա փորձեցին (բայց ապարդյուն) այդ վհուկների որսն իրականացնել դատարանի միջոցով: Իհարկե, ես նախագահական անձեռնմխելիության իրավունք ունեմ։ Ես նախագահ եմ եղել, և իմ իրավունքն ու պարտականությունն էր հետաքննել և խոսել 2020 թվականի կեղծված և գողացված նախագահական ընտրությունների մասին»,-գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Նա հայտարարել է, որ հիմա «անհամբեր սպասում է» շրջանային դատարանում դիմումի քննությանը:
ԱՄՆ Գերագույն դատարանն ավելի վաղ մերժել էր դատախազության խնդրանքը Թրամփի իրավական անձեռնմխելիության սահմանների և նրան մեղսագրվող մի շարք քրեական դրվագների նկատմամբ դրա կիրառելիության հարցի արագացված քննարկման վերաբերյալ: Ենթադրվում է, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը փորձել է արագացնել ընտրական ընթացակարգերին Թրամփի ենթադրյալ միջամտության մասին գործընթացը, երբ միջանկյալ ատյանները շրջանցելով դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք նախկին նախագահն իրավական հետապնդումից անձեռնմխելիություն ունի իր պաշտոնավարման ժամանակաշրջանին վերաբերող արարքների համար:
Ինքը՝ Թրամփը, դատարանին խնդրել էր չհամաձայնել արագացնել գործընթացը, որն ընթանում է Վաշինգտոնի դաշնային դատարանում և ներառում է, ի թիվս այլ դրվագների, Կապիտոլիումի գրոհը այն ժամանակ գործող նախագահի կողմնակիցների ամբոխի կողմից, որոնք փորձում էին խանգարել նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի ընտրական հաղթանակի օրենսդրական հաստատմանը։
Թրամփի պաշտպանությունը հիմնված է այն բանի վրա, որ նա, որպես պետության ղեկավար, իրավական անձեռնմխելիություն է ունեցել, ու բացի այդ, իրացրել է խոսքի ազատության իրավունքը՝ հրաժարվելով ընդունել ընտրություններում պարտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում