Ռուսաստանը չի մասնակցի ՔԶԱԿ-ի ֆինանսավորմանը
Նմանատիպ
Ռուսաստանը չի մասնակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) ԱՄՆ-ի կողմից պարտադրված խմբի ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Նա հիշեցրել է, որ ՔԶԱԿ-ի բյուջեում կանոնավոր ներդրում կատարելը Քիմիական զենքի մասին կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետության պարտավորությունն է:
«Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, մեր որոշ գործընկերների հետ միասին, կշարունակի հետ պահել իր ներդրման մի մասը, որը հատկացվում է ՔԶԱԿ-ի տեխնիկական քարտուղարության կողմից՝ ֆինանսավորելու ԱՄՆ-ի և նրա կողմից պարտադրված անօրինական «ատրիբուտիվ» հետաքննության և նույնականացման խմբին»,- ասել է Զախարովան։
Նոյեմբերի վերջին Ռուսաստանը չվերընտրվեց ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդում, սակայն մտադիր է դաշնակիցների, գործընկերների և համախոհների հետ միասին շարունակել ամենաակտիվ դերակատարումը այս կազմակերպության հարթակում, ավելացրել է դիվանագետը։
«Մենք մեր խնդիրն ենք համարում ապագայում վերականգնել այս կազմակերպության նախկին հեղինակությունը և պահպանել Քիմիական զենքի կոնվենցիայի ամբողջականությունը»,- ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մայիսին կլքի ՔԶԱԿ-ի գործադիր խորհուրդը, բայց կմնա դիտորդի կարգավիճակում՝ հետևողականորեն պաշտպանելու ազգային շահերը այնպիսի կարևոր արդյունաբերության մեջ, ինչպիսին քիմիական արդյունաբերությունն է:
Նշենք՝ ՔԶԱԿ-ի գործադիր խորհուրդը բաղկացած է 41 անդամից, որոնք ընտրվում են երկու տարով ռոտացիոն սկզբունքով։ Տեղերը բաշխված են տարածաշրջանային խմբերի միջև՝ աֆրիկյան և ասիական՝ 9-ական, Արևելաեվրոպական՝ 5, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան՝ 7, Արևմտյան Եվրոպա և այլ պետություններ՝ 10: Մեկ այլ տեղ հերթափոխով զբաղեցնում են լատինաամերիկյան և ասիական խմբերի երկրները։
Նոյեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքներով ՔԶԱԿ-ի նորացված գործադիր խորհրդի կազմում Ռուսաստանը ընդգրկված չէր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում