ՀՀ ԱԳ փոխնախարարը Իրանում խոսել է հայկական մշակույթի ոչնչացման մասին

ՀՀ ԱԳ փոխնախարարը Իրանում խոսել է հայկական մշակույթի ոչնչացման մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում:

Ողջունելով ներկաներին՝ անդրադարձել է Հայաստանի և Իրանի մշակութային կապերին ու հարաբերություններին։

«Հնագույն ժամանակներից ի վեր նման ավանդույթները ծառայում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը»,- նշել է նա։

Նա խոսել է Դարեհ Մեծի թողած արձանագրության մասին, որտեղ Հայաստան անվանումն առաջին անգամ հիշատակվել է։

«Մենք բարձր ենք գնահատում Իրանի անսասան հանձնառությունը տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը: Այս հանձնառությունը հատկապես ակնհայտ է Իրանում այնպիսի մշակութային վայրերի պահպանման գործում, ինչպիսին է Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը, որը 4-7-րդ դարերում կառուցված հայկական եկեղեցի է և կապված է Թադեոս առաքյալի անվան հետ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձորի մատուռ հայկական վանական համալիրի ընդգրկումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն» հայտի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ զուգորդված ուխտագնացության ավանդույթների պահպանմանն ուղղված կառավարության աջակցությամբ, ըստ Վահե Գևորգյանի, արտացոլում է Իրանի կարևոր դերակատարումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։

«Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության, հանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում»,- ընդգծել է նա:

Ինչպես նշել է նախարարի տեղակալը, զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն են ունենում մշակութային և կրոնական հուշարձանների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, ինչպես նաև թվային և արբանյակային տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների օգտագործումը, ստեղծում է մշակութային ժառանգության պաշտպանության և մշակութային վանդալիզմի կանխարգելման կարևոր գործիքակազմ։

2018 թվականի հուլիսի 13-ին ընդունված Տիուանակուի հռչակագրում ֆորումի անդամները դատապարտել են այն փաստը, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության հուշարձանների ամբողջականության համար։ Ինչպես նշված է 2022 թվականի դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում, անդամ պետությունները կիսում են խորը մտահոգություն՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:

Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը առաջատար միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ն է:

«Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։

Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի  միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:

Հուսով ենք, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներին մեր անսասան նվիրումով կկարողանանք նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում»,- եզրափակել է Գևորգյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում