Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Շվեդիայի՝ դաշինքին միանալու մասին արձանագրությունն այժմ պետք է ընդունվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից։ Ամբողջ խորհրդարանի կողմից դիմումի քննարկման ամսաթիվը դեռ չի հայտարարվել։ Եթե փաստաթուղթը հաստատվի երկրի խորհրդարանի կողմից, այն դեռ պետք է ստորագրի Թուրքիայի նախագահը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ ողջունել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ հավանություն տալու Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Հանձնաժողովը նոյեմբերի 16-ին սկսել է քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը, սակայն հետո հետաձգել է քննարկումները։ Դրանք վերսկսվել են դեկտեմբերի 26-ին։ Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու և Կանադայի կողմից Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն վերացնելու որոշումները կարող են նպաստել դաշինքին Շվեդիայի անդամակցության հաստատմանը։

Հոկտեմբերի վերջին Էրդողանը Թուրքիայի խորհրդարանին է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման փաստաթղթերի փաթեթ։ Սակայն Հունգարիան դեռ չի ավարտել վավերացման ընթացակարգը։ ՆԱՏՕ-ի մյուս բոլոր երկրներն ավարտել են գործընթացը։ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին։ Թուրքիան, որպես դաշինքի անդամ, դրել է պայմաններ, որոնք պետք է կատարեր Ստոկհոլմը, որպեսզի Անկարան վավերացնի մուտքը։  Թուրքիան պահանջել է քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչել, ահաբեկչության համար մեղադրվող անձանց արտահանձնել, Անկարային զենք մատակարարելու արգելքները վերացնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում