ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու բանաձև կներկայացվի

ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու բանաձև կներկայացվի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Ռոզենդեյլը հայտարարել է, որ մտադիր է բանաձև ներկայացնել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին իմփիչմենթի ենթարկելու համար՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանն ու Կոնգրեսին իր հոսպիտալացման մասին չտեղեկացնելու պատճառով: Այս մասին հայտնում է The Hill-ը։

Ռոզենդեյլը ծրագրում է իմփիչմենթի բանաձևը Ներկայացուցիչների պալատի նիստում ներկայացնել հունվարի 9-ին։ Նա ասել է, որ Օսթինի` Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ ազգային ռազմական բժշկական կենտրոնում հոսպիտալացվելու տեղեկությունը գաղտնի պահելու որոշումը «խախտել է իր պաշտոնավարման երդումը» և «վտանգել ամերիկացի ժողովրդի կյանքը»:

Ինչպես նշում է թերթը, ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկը հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը պետք է անհապաղ հրաժարական տա, քանի որ առանց նախազգուշացման նրա բացակայությունը խաթարում է բազմաթիվ գլոբալ հակամարտությունների ֆոնին վստահությունը հրամանատարական շղթայի նկատմամբ:

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ Օսթինը չի պատրաստվում լքել իր պաշտոնը սկանդալից հետո։

Հիշեցնենք, որ Պենտագոնը երեք օր շարունակ Սպիտակ տանը տեղյակ չի պահել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում