ԱՄՆ սենատորները զեկույց են պահանջում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ
Նմանատիպ
ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են բանաձև, որով զեկույց են պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի (Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը թույլ է տալիս Կոնգրեսին տեղեկատվություն պահանջել որևէ երկրի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և փոխել կամ դադարեցնել ԱՄՆ անվտանգության աջակցությունն այդ երկրին՝ ստացված տեղեկատվության լույսի ներքո):
Սենատոր Էդ Մարքին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է:
«Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծում։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնարար ազատությունները»,-ասել է Մարքին:
Սենատոր Քեսիդին նշել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ավերման մասին:
Սենատորների այս բանաձևը պետքարտուղարությունից կպահանջի մանրամասն տեղեկություններ ներկայացնել Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կամայական սպանությունների, գերիների խոշտանգումների, Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանման և կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման վերաբերյալ:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը համազգային գործողությունների արշավ է սկսել՝ կոչ անելով սենատորներին աշխատել օրենսդրության ընդունման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում