Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում

Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում

Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում։ Ինչպես տեղեկանում ենք Եվրախորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, նիստը կմեկնարկի ժամը 11։30-ին։

Ըստ հաղորդագրության՝ նիստի ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի և գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև գործընկերության առավել հավակնոտ ծրագրի առաջմղման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ կկատարվի նաև քաղաքական երկխոսությանը, ժողովրդավարությանը, բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային և վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներին:

Բացի այդ, կողմերը կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային և անվտանգային հարցերի ու արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Հայաստանի պատվիրակությունը նիստին կմասնակցի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, իսկ Գործընկերության խորհուրդը կնախագահի ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը կայացել էր 2022 թվականի մայիսի 18-ին Բրյուսելում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում