Իրանում մեկնարկել են խորհրդարանի և փորձագետների խորհրդի ընտրությունները
Նմանատիպ
Այսօր՝ մարտի 1-ին, Իրանում մեկնարկել են խորհրդարանի 12-րդ և փորձագետների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները։ Առավոտյան ժամը 8-ին երկրի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդիի հրամանով բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։
Իրանում ընտրական ձայնի իրավունք ունի շուրջ 61 միլիոն մարդ, որոնք ավելի քան 15 000 թեկնածուներից օրենսդիր մարմնի անդամ են ընտրելու 290 հոգու։ Իրանի խորհրդարանն ընտրվում է չորս տարի ժամկետով։
Նշենք նաև, որ Իրանի խորհրդարանում կրոնական փոքրամասնություններն ունեն հինգ տեղ, դրանցից 2–ը պատկանում է հայկական համայնքին։
Միաժամանակ անցկացվող մյուս ընտրություններում մասնակիցները քվեարկում են Փորձագետների խորհրդի` խորհրդակցական մարմնի 88 անդամների օգտին։ Խորհուրդն ընտրվում է ութ տարի ժամկետով, և նրան է պատկանում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ ընտրելու իրավունքը:
Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին քվեարկության առաջին իսկ րոպեներին քվեարկել է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում, փոխանցում է գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում