Եկամուտների հայտարարագիրը դարձնելու են քաղաքական ահաբեկման, շանտաժի գործիք․ Նաիրի Սարգսյան

Եկամուտների հայտարարագիրը դարձնելու են քաղաքական ահաբեկման, շանտաժի գործիք․ Նաիրի Սարգսյան

Այս հայտարարագիրը դարձնելու են քաղաքական ահաբեկման գործիք, մարդկանց գաղտնիքի մասին հասանելիություն ստանալուց հետո շանտաժի են ենթարկելու և իրենց կամքն են թելադրելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը:

«Մեր գրասենյակները  բոլորին անվճար հիմունքով տրամադրելու են  օժանդակություն, որպեսզի քաղաքացիների կողմից կատարված գործարքները հանիրավի հարկման թիրախ չդառնան, ինչպես նաև ձեր բանկային գաղտնիքը չդառնա որևէ երրորդ անձի օգտագործման կամ տնօրինման առարկա: Շատ հնարավոր է, գործատուներին տարբեր ձևով տեռորների ենթարկեն, որպեսզի նրանք ստիպեն աշխատակիցներին եկամուտների հայտարարագիր կամ եկամտային հարկի հաշվարկ լրացնեն։

Նման բոլոր դեպքերի համար, սիրելի քաղաքացիներ, եթե կունենաք նմանատիպ դեպքեր, մենք կհայտարարենք այդ գրասենյակների և հեռախոսահամարները, դուք կարող եք դիմել, որպեսզի ստանաք աջակցություն: Կառավարությանն առաջարկում ենք ժամանակավորապես չեղարկել կամ հետաձգել նախագիծը, մինչև 40% աղքատության վերացումը, մինչև 180,000 անձի գործազրկության ընդունելի մակարդակի նվազեցումը և մինչև գրեթե մեկ միլիոն աշխատուժից դուրս բնակչության անձանց արժանապատիվ աշխատանքով ապահովումը, տնտեսության համար իրական ներուժի ստացումը, նոր միայն դրանից հետո պետք է մտածել կամ խոսել եկամուտների հայտարարագրման մասին։

Այսօր որոշակի գրություններ ստացա,  թե ինչու բանավեճի չեմ հրավիրում կառավարության անդամներին, որպեսզի լսենք երկու կողմերի դիրքորոշումները, ևս մեկ անգամ բանավեճի եմ հրավիրում Նիկոլ Փաշինյանին և իր տնտեսական թևի նախարարներին ու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներին։ Դուք կարող եք բոլորդ լինել միասին, ես կլինեմ միայնակ»,- ասաց Սարգսյանը:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը ողջունեց բոլոր տեսակի բոյկոտները և իրազեկումները, բայց նրա համոզմամբ՝ համակարգային մոտեցման կարիք ունի։

«Առաջին կեղծ թեզը իշխանությունների կողմից՝ մինչև 300 հազար դրամը չի հայտարարագրվում, և հանրային ընկալումն այնպիսին է, որ չի հարկվում: Այդպիսի բան գոյություն չունի: Հայտարարության տեքստն ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, այնուհետև խմբագրումներ կատարեցին, բայց հայտարարության մինչև 300.000-ի չհայտարարագրվող հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին: Դա նշանակում է՝ նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացած դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ամենակարևոր խնդիրն այն է, թե ով է որոշում՝ մինչև 300.000 դրամը նվիրատվությո՞ւն է, պարտքով ստացված գումա՞ր է, չհարկվո՞ղ է, թե՞ ոչ»,- ասաց Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում