Գերմանիայի կանցլերն անդրադարձել է Պուտին-Թրամփ բանակցություններին

Գերմանիայի կանցլերն անդրադարձել է Պուտին-Թրամփ բանակցություններին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ճիշտ է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը:

Ելույթ ունենալով «վերջին 24 ժամվա արտաքին քաղաքական իրադարձությունների» վերաբերյալ ուղերձով՝ Շոլցը հայտարարել է, որ ԵՄ-ի համար անակնկալ չէր Թրամփի և Պուտինի զրույցը, ինչպես նաև Թրամփի վարչակազմի դիրքորոշումը՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները պահանջում են հստակ և վճռական դիրքորոշման շուտափույթ մշակում։

«Այն, որ Թրամփը ուղիղ խոսել է Պուտինի հետ, ճիշտ որոշում է։ Ես նույնպես նախկինում բազմիցս խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ։ Կարևոր է նրան փոխանցել մեր ակնկալիքներն Ուկրաինայում արդար խաղաղության և եվրոպական խաղաղ կարգին վերադառնալու վերաբերյալ։ Խաղաղ կարգ, որի դեպքում սահմանները ուժով չեն փոխվում։ Դրանում ես համաձայն եմ ԱՄՆ նախագահի հետ»,-ասել է Շոլցը։

Նա կրկնել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի մասնակցության, ինչպես նաև ընդգծել է եվրոպական անվտանգության անբաժանելիության կարևորությունը ԱՄՆ-ի անվտանգությունից:

«Ինձ համար միանգամայն պարզ է, որ բանակցությունների միջոցով ձեռք բերված ցանկացած որոշում պետք է թույլ տա Ուկրաինային ապագայում ունենալ Զինված ուժեր, որոնք կարող են հետ մղել Ռուսաստանի կողմից ցանկացած հնարավոր հարձակում։ Սա զգալի խնդիր է ֆինանսական, նյութական և լոգիստիկ առումով։ Տեսանելի ապագայում դա կգերազանցի Ուկրաինայի ֆինանսական հնարավորությունները։ Այստեղ անհրաժեշտ ենք մենք՝ եվրոպացիներս, և մեր անդրատլանտյան և միջազգային գործընկերները»,- ասել Է կանցլերը։

Ընդ որում, Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի այլևս երբեք պատերազմի չբախվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում