ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին
Նմանատիպ
ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։
ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։
Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին.
– հրապարակային և հստակ հայտարարությամբ բացառել ընտրություններից հետո իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցությունը,
– պատրաստակամություն հայտնել հետընտրական շրջանում համագործակցելու և աջակցելու այն թիմին, որը կստանա ընդդիմադիր ընտրազանգվածի առավելագույն վստահությունը։
Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին իրենց քվեն տալ բացառապես այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։
ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։