Վահան Հովհաննիսյան. Ստիպված ենք խոսել, իրենց լեզվով ասած «ուժի դիրքերից»

ԱԺ-ում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, լրագրողների խնդրանքով, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հայտնի հայտարարությանը եւ «ցավ հայտնել, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում»:

«Դեռ տասներկու տարի առաջ, երբ ոչ ոք ինձ չէր սատարում, ես իմ ընտրատարածքում այնքան ձայն եմ հավաքել, որ ինքը ընդհանրապես որեւէ ընտրատարածքում այդքան ձայն երբեւէ հավաքե՞լ է, թե՞ ոչ»,- հայտարարել էր Հրայր Թովմասյանը:

Yerkir.am-ի փոխանցմամբ` այսօր ԱԺ-ում Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է Հրայր Թովմասյանի այդ հայտարարությանը: «Բա Հանրապետական չէիր տասներկու տարի առաջ, կհավաքեիր… Նորմալ իրավաբան տղա էիր, գնացել էիր, ինքնուրույն քո ուժերով մասնակցում էիր, իհարկե, կարող է եւ հավաքեիր: Այն ժամանակ քեզ չէին ծեծի դալանում: Իսկ հիմա տեսնեմ’ եթե նախագահի ամբողջ ուժը, ամբողջ պետական ապարատը ձեզ չպաշտպանի, տեսնեմ’ ո՞նց եք ձայն հավաքելու»,- նշել է Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե արդարադատության նախարարը նաեւ ցավ է հայտնել, որ ԱԺ ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում, ՀՅԴ-ական պատգամավորն ընդգծեց, որ եթե Թովմասյանը ենթադրում է, որ իր այդ ելույթը ուժի դիրքերից խոսել էր, դա նախարարի մասին բավականին բան է ասում:

«Ուժի դիրքերից խոսում են հենց իրենք: Օրինակ’ Հրայր Թովմասյանը, երբ իրեն բնորոշ հանգիստ, հանդարտ ոճով, որը շատ լավ ոճ է երեւի Շվեյցարիայում, ասում է’ դե, նորմալ ա ամեն ինչ, բոլոր տեղերում էլ այսպես ա, ամեն տեղ էլ ընդդիմությունն ասում է’ այլեւս այսպես հնարավոր չէ, ամեն տեղ էլ այսպես ա… Եղբա’յր, ամեն տեղ էլ այդպես է, այո’, Գերմանիայում էլ, Ֆանսիայում էլ, բայց Գերմանիայից, Ֆրանսիայից չի փախչում ժողովուրդը, քեզնից փախչում է: Տարբերությունն այդքան է ընդամենը: Դրա համար մենք բորբոքվում ենք ու ստիպված ենք խոսել, իրենց լեզվով ասած «ուժի դիրքերից»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում