Մենք իրավունք ունենք իմանալ` ինչով է կառավարությունը զբաղվում երկրի տնտեսությունը ջղայնացած տեմպերով զարգացնելուց ազատ ժամանակահատվածում

2012-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է ստացվել՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և մեկ այլ գործարարի հետ Կիպրոսի օֆշորային գոտում ընկերություն է հիմնել:

«Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչով են կառավարության անդամները զբաղվում երկրի տնտեսությունը ջղայնացած տեմպերով զարգացնելուց ազատ ժամանակահատվածում: Մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը՝ Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի հետ օֆշորային գոտում բացել է բանկային հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից մեկի կողմից տրված 10 մլն վարկը, ըստ էության, անհայտ վիճակում է հայտնվել: Մամուլում տեղեկությունների համաձայն՝ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանը անձամբ է դերակատարություն ստանձնել և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ: Եվ ընդհանրապես՝ դա շատ կասկածելի գործարք է, որը ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը՝ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլև Տ.Սարգսյանի»,- Aysor.am-ի փոխանցմամբ հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց, որ օֆշորի հետ կապված այդ պատմությունը հերյուրանք է և սուտ, իսկ Տ. Սարգսյանն արդեն դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզաբանումների համար:

«Տ. Սարգսյանը օֆշորային հաշիվներ չունի»,- ընդգծել է նախարարը:

Ն. Փաշինյանը արձագանքեց, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տ. Սարգսյանին, վերջինս է դիմել դատախազությանը. «Դատախազությունը մեծ փորձ ունի կոծկելու նմանատիպ դեպքերը, ինչպես որ վարվել է մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, սկսած մարտի 1-ից, որ հարցերի պատասխանը չի տվել և ունենք դատախազություն, ուր, փորձը ցույց է տալիս, Հայաստանի պաշտոնյաները դիմում են միայն նրա համար, որ հարցերին պատասխանելու անհրաժեշտություն լինելու դեպքում ասեն՝ գիտեք ինչ, մենք արդեն դիմել ենք դատախազությանը»,- արձագանքել է Փաշինյանը:

«Պարոն Փաշինյան, կարծում եմ պրոբլեմը նրանում է, որ դուք բարձրացնում եք և տալիս եք հարց, ոչ թե պատասխան լսելու, այդ ձեր հարցը ուղղակի հնչեցնելու համար: Շնորհակալություն»,- հայտարարել է Դ.Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում