Մեղրածոր փառատոնը ուրախությամբ լցրեց սահմանապահ Տավուշը

Մեղրածոր փառատոնը  ուրախությամբ լցրեց սահմանապահ Տավուշը

Հայաստանի սահմանապահ դարպաս Տավուշում օգոստոսի 17-ը վերածվել էր իսկական տոնի.Բերդ քաղաքում նշվում էր Մեղրի և հատապտուղների ամենամյա փառատոնը: Քաղաքամերձ հատվածը վերածվել էր իսկական տոնական հրապարակի, որտեղ տարբեր տաղավարներում ցուցադրվում էին ոչ միայն տեղական մեղրի ու հատապտուղների լայն տեսականին, այլև իրականացվում էր ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու հայկական խոհանոցի ավանդական համեղ ուտեստները: Միջոցառումը կազմակերպել էր «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, «Վերածննդի երիտասարդներ» հիմնադրամի, «Կանաչ արահետ» ՀԿ-ի և «Բերդի կանանց ռեսուրս» կենտրոնի հետ միասին:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով չնայած ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Տավուշ, սակայն ինքը մեծ խանդավառությամբ վայելում էր փառատոնը, կային նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ ու Հայաստանի տարբեր հատվածներից եկած մասնակիցներ:

Տավուշցիներին այս լարված օրերին քաջալերելու էին եկել հայկական էստրադայի բազմաթիվ սիրված դեմքեր, սկսնակ երգիչներ, ժողովրդական խմբեր, ովքեր ժամեր շարունակ ջանքեր չխնայեցին փառատոնը վերածելու իսկական տոնի և ապահովելու բարձր տրամադրություն:
Երգչուհի Աիդա Սարգսյանը, կարևորելով սահմանամերձ շրջանում նմանատիպ միջոցառումների անցկացումը նշեց. «Սահմանի մյուս կողմում թշնամին լսում է, թե այստեղ ինչ է կատարվում, ուստի մեր երգ ու պարով, ուրախությամբ պայթեցնելու ենք սահմանից այն կողմ գտնվող թշնամուն»:

Միջոցառմանը մասնակից փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանը, ով պատրաստվում է մասնկացել Մանկական եվրատեսիլի հայաստանյան նախընտրական փուլին, նշեց, որ ամենևին էլ չի վախենում սահմանամերձ շրջան այցելելուց և մեծ հաճույքով եկել է Բերդ’ իր երգով ուրախացնելու և ուրախանալու:

Times.am-ի թղթակիցը խոսեց նաև «Վերածննդի երիտասարդներ» հիմնադրամի տնօրեն Մայ Անուշավանյանի հետ, որը նաև փառատոնի համրեգային մասի պատասխանատուն է. «Մեղրի և հատապտուղների փառատոնը Շամշադինում անց է կացվում արդեն երրորդ անգամ և նպատակ ունենք այն դարձնել մշտական: Այս տարի ՎեՀ հիմնադրամը առաջին անգամ ստացավ համագործակցության առաջարկ: Շատ շնորհակալ եմ Հայկ Չոբանյանին, ով ղեկավարում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը, նաև Բերդի քաղաքապետին’ Հարություն Մանուչարյանին, ովքեր վստահեցին մեզ այս պատասխանատու գործը»,- նշեց նա ավելացնելով’ որ բարեգործական համերգն ամբողությամբ կազմակերպվել է ՎԵՀ հիմնադրամի միջոցներով և ջանքերով:

Անդրադառնալով Շամշադինում նման միջոցառում անցկացնելու նպատակներին Մայ Անուշավանյանն ասաց, որ. «Միջոցառումը միտում ունի զարգացնելու տեղի արտադրողի աշխատանքը, նաև ուժ ու խթան հանդիսանա դրա համար:Ի՞նչու մեղրի և հատապտուղների, որովեհտ Շամշադինում դա ամենալավն է ստացվում բոլոր առումներով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում