Նամակ ԱՄՆ դեսպանին. «Մարդկային կյանքի վրա բիզնես անելն առնվազն ստորություն է և տկարամտություն»

Հայկական բլոգոսֆերայում հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը բաց նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնին՝ իր մտահոգությունը հայտնելով հերթական անգամ «խաղաղարար» Գեորգի Վանյանի կողմից Հայաստանում՝ այս անգամ Գյումրիում, ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձի կապակցությամբ: Ներկայացնում ենք Տ.Քոչարյանի նամակն ամբողջությամբ.
«Մեծարգո պարոն Հեֆերն,
Ի դեմս Ձեզ, թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը արտահայտել , Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին և կառավարությանը այն աջակցության համար, որ Հայաստանը ստացել է ԱՄՆ-ից անկախություն ձեռք բերելու պահից ի վեր: Բազմաթիվ ծրագրերի իրականացման շնորհիվ մեր երկիրն օր օրի առաջ է գնում համամարդկային արժեքները հարգող ու պաշտպանող պետություն դառնալու ուղով:
Մենք երախտապարտ ենք նաև այն ջանքերի համար, որ ԱՄՆ-ը գործադրում է տարածաշրջանային կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու համար և´ որպես համանախագահող կողմ արցախյան հիմնախնդրի հարցում, և´ որպես խաղաղության և հանդուրժողականության բազմաթիվ ծրագրերի հովանավորող:
Միաժամանակ, կցանկանայի Ձեր ուշադրությունը սեւեռել այն հանգամանքի վրա, որ որոշ անձանց համար ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ծրագրերը դարձել են ուղղակի հարստացման միջոց, առանց լուծելու այն խնդիրները, որոնց համար և ուղղվում են ԱՄՆ-ի հարկատուներից հավաքված միջոցները:
Այսպես, արդեն 3-րդ տարին է, որ Գեորգի Վանյանի կողմից Հայաստանում փորձեր են կատարվում անցկացնել այսպես կոչված «Ադրբեջանական ֆիլմերի փառատոն» միջոցառումը, որն ըստ հեղինակի միտված է հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ երկխոսություն հաստատելու նպատակին:
Ինչպես ցույց տվեց ժամանակը, տվյալ միջոցառում մատնված էր անհաջողության մի շարք պատճառներով.
ա. Երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ է երկրորդ կողմի մասնակցությունը, ինչն ի սկզբանե բացառված էր` հաշվի առնելով այն հակահայկական հիստերիան, որը տիրում է Ադրբեջանում վերջին տարիներին: Պատկերացնել այդպիսի փառատոնի անցկացումը Ադրբեջանում մոտակա տարիներին, առնվազն մանկամտություն է:
բ. Երբ փորձ կատարվեց փառատոնը անցկացնել Երևանում, կազմակերպիչները բախվեցին հասարակության լայն շերտերի դիմադրությանը, քանի որ այդպես էլ չկարողացան բացատրել միջոցառման նպատակները և անհրաժեշտությունը:
Ավելին, Վանյանի պահվածքն ամբողջ դիմակայության ընթացքում ապացուցեց, որ ինքը շահագրգռված է ավելի շատ աղմուկ հանելու և իրեն ազգայնականների զոհ ներկայացնելու, քան փառատոնը անցկացնելուն:
Այսպես նա խուսափեց ներկայանալ բանավեճի «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում: «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը մասնակցելու համար պահանջեց, որ հակառակ կողմը չմասնակցի հաղորդմանը: Բացի այդ, և´ նշված հաղորդման ժամանակ, և´ մամլո ասուլիսի ընթացքում բազմաթիվ վիրավորանքներ և հայհոյանքների տարափ ուղղեց և´ բլոգերներին , և´ լրագրողներին, և´ հայ հասարակության այն շերտի հասցեին, ովքեր դեմ էին փառատոնի անցկացմանը:
Ի վերջո, Վանյանի փորձերը անցկացնել այդ ժամանակավրեպ և իմաստազուրկ փառատոնը ավարտվեցին անհաջողությամբ ինչպես Երևանում, այնպես էլ Վանաձորում, քանի որ չգտնվեց գեթ մի հոգի, ով պատրաստ էր տարածք տրամադրել այս աննպատակ միջոցառման համար:
Մենք լիահույս էինք, որ Վանյանն ի վերջո հասկացավ իր նախաձեռնած ավանտյուրայի աննպատակահարմարությունը: Սակայն, մի քանի օր առաջ իմացանք (http://www.southcaucasus.com/stop2012/), որ նա կրկին փորձ է անում անցկացնել այս փառատոնը արդեն Գյումրիում, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի աջակցությամբ: Ավելին, փառատոնի անցկացումը չգիտես ինչու նախաձեռնվում է այն օրերին, երբ հայ ազգը սգում է Մարաղայում ցեղասպանված 53 հայերի հիշատակը (http://www.maragha.org/):
Մեծարգո Դեսպան, ի՞նչ է կատարվել փաստացի:
Այն ծրագիրը, որը հովանավորվում է ԱՄՆ-ի հարկատուների կողմից և նպատակաուղղված է հայ-ադրբեջանական երկխոսության առաջացմանը, ունեցավ ահա այս արդյունքները.
ա. Վանյանի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով նա ավելի մեծ թշնամանքի ալիք բարձրացրեց հարևան հանրապետությունում բնակվող և Վանյանի «խաղաղասիրությունից» անտեղյակ մարդկանց հանդեպ:
բ. Վանյանի ագրեսիվ կեցվածքը, քաղաքացիական հասարակության մեծամասնության կամքին հակառակվելը, ամեն կերպ միջոցառում անցկացնելու մոլուցքը մեծ հարված հասցրեց շիտակ նպատակներով ծրագիրը հովանավորող պետության բարի համբավին:
գ. Վանյանի նախաձեռնությունները տարակուսանք են հարուցել նույնիսկ Ադրբեջանում, որտեղ պետական մակարդակով զարմանք էր հայտնվում այսպիսի միջոցառումներին ադրբեջանցի ռեժիսորների ֆիլմերի մասնակցությունը: Ավելին, սրանով Վանյանը նաև վտանգի տակ է դնում այդ մարդկանց և´ ապագա ստեղծագործական գործունեությունը, և´ կյանքը:
դ. Անզեն աչքով երևում է, որ Վանյանի գործունեությունը 2007 թվականից հայ-ադրբեջանական հաշտեցման ուղղությամբ որևէ տեսանելի արդյունքի չի հասել, ինչից եզրակացնում եմ, որ սա ուղղակի ժամանակի և դոնոր կազմակերպությունների ռեսուրսների աննպատակ վատնում էր:
Պարոն Դեսպան, Վանյանի այս, ամեն գնով փառատոնը անցկացնելու անհասկանալի ոգևորությունը միայն մի եզրահանգման է բերում: Նա , մեղմ ասած, թքած ունի և´ երկու ժողովուրդների երկխոսության հաստատման վրա, և´ կոնֆլիկտի լուծման վրա:
Նրա միակ նպատակը դա այս թեմայի շրջանականերում նորանոր դրամաշնորհային միջոցների ստացումն ու հետագա վատնումն է`սեփական երկրի և ազգի արժանապատվության հաշվին:
Պարոն Դեսպան, ես չգիտեմ` ո՞րն է այս փառատոնի համար տրամադրված դրամաշնորհի ճակատագիրը և ինձ առանձնապես դա չի հետաքրքրում: Պարզապես որպես մի երկրի քաղաքացի, որն արդեն քսան տարի է` գտնվում է սառը պատերազմական իրավիճակում, կոչ եմ անում. ուշադի´ր եղեք բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր սեփական հարստացման համար պատրաստ են ամեն ինչի: Այսպիսի մարդկանցից բացի վնասից որևէ այլ բան սպասելն անիմաստ է: Հաշտեցման և հանդուրժողականության խնդիրներով պետք է զբաղվեն այն մարդիկ, ում սիրտն իսկապես ցավում է չլուծված կոնֆլիկտի պատճառով շարունակվող զոհերի համար:
Մարդկային կյանքը, լինի դա հայի, թե ադրբեջանցու, բարձրագույն արժեքն է, և բիզնես անել դրա վրա առնվազն ստորություն է և տկարամտություն:
Հարգանքներով`
Տիգրան Քոչարյան, բլոգեր
/091/ 32 70 76
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շրջանավարտ 2001 թ.
USAID PHCR Project Infrastructure Development Specialist 2006-2010 թ.
“Blogging for democracy ” Open World” ծրագրի մասնակից 2012 թ

Հետևեք մեզ նաև Telegram-ում