«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի». Այսօր Դուշման Վարդանի մահվան տարելիցի օրն է

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի մահվան տարելիցի օրն է: Նա զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից, երբ իր զինվորական ընկեր Երոի(Արմեն Երիցյան) և Արաիկի(Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում այդ գյուղում:

«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի: Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»,- այդպես սեփական մահը կանխատեսել և պատգամ է թողել հերոսը:

Վարդանի մարմինը հանձնվել է իր այդքան սիրելի հողին Երևանոում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում:

Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ: Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը: Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ:1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում:1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում՝ սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին: Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ:

1988թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ. «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ:Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»:

Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ. «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»,-հետո ավելացրել, որ կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին:

Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ: Արցախում զենքի պակաս կար և 1989թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որը հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ: Այնուհետև ընկերոջ’ Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայինները:

«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը՝ լավ թե վատ, կախված է հրամանատարից», համոզված է եղել Դուշման Վարդանը:

Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում: Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը: Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին: Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները: Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա: «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»:

Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին: Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին. «Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին՝ ահա սա է մեր ուժի աղբյուրը»: Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից:

Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Աշոտ Բեկորի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը: Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը: Դուշմանի կռվողները հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը: Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրվեց: 

Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում: Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Ցնծացեք, նախնիներ, Շուշին ազատագրվեց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում