Հայ բլոգերները բաց նամակով պարզաբանումներ են պահանջում Ա.Սաքունցից

Հայ բլոգերները բաց նամակ են հղել Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին: Նամակի տակ արդեն ստորագրել է մոտ 2300 մարդ: Times.am-ը ներկայացնում է նամակի բովանդակությունն ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Սաքունց,

Ձեզ ենք դիմում Ձեզ համար արդեն սովորական դարձած անանուն ձևով, սակայն ստորև առաջ քաշած հարցերի հետևում կանգնած է բլոգերների և ինտերնետ-օգտատերերի մի խումբ, ովքեր չեն վախենում բացահայտել իրենց անուններն ու տվյալները, և դրանք Ձեզ կներկայացվեն՝ առաջին իսկ պահանջի դեպքում:

Համացանցի հայկական համայնքը հետաքրքրված է և ապացույցներ է պահանջում այն տեղեկատվության վերաբերյալ, որոնք Ձեզ են տրամադրվել անանուն սպայի կողմից, և որոնք Դուք, դատելով Ձեր հրապարակումներից, կասկածի տակ չեք դնում: Մենք համոզված ենք, որ այնպիսի լուրջ և պատասխանատու անձնավորությունը, ինչպիսին Դուք եք, համացանցում չի հրապարակի որևէ տեղեկատվություն՝ չհամոզվելով դրա ճշգրտության մեջ:

Հայտնի է, որ հունիս ամսին Տավուշի մարզում ադրբեջանական սադրանքներին համարժեք հակահարված տալու շրջանակում անցկացվել են մի շարք փայլուն գործողություններ, որոնք ադրբեջանական բանակում զգալի կորուստների հանգեցրին: Գաղտնիք չէ նաև, որ նմանատիպ գործողությունների պլանավորման, մշակման ու իրագործման հետևում կանգնած է կորպուսի շտաբը՝ ի դեմս իր ղեկավարի, ով կատարում է նշված գործողությունները:

Այդ կապակցությամբ մեզ մոտ օրինաչափ հարց է ծագում. ինչպե՞ս կարող էր վերոնշյալ գործողությունն իրագործվել, եթե շտաբի պետը, Ձեր պնդմամբ՝ «իր ամբողջ ժամանակն անցկացրել է երևանյան խաղատներում և ոչ մի անգամ չի եղել առաջնագծում»: Օրինաչափ է, որ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ցանկանում ենք իմանալ, թե ինչպես եք Դուք պատկերացնում վերոնշյալ իրադարձությունների ընթացքը, ինչ բացատրություններ կարող եք տալ այս առիթով, ինչպես նաև պահանջում ենք հստակ ապացույցներ Ձեր պնդումներին: Դրանք կարող են համարվել՝

ա) Խաղատան անվանումը, որտեղ Գ. Խաչատուրովն անցկացնում է իր աշխատանքային և ազատ ժամանակը
բ) Գ. Խաչատուրովի լուսանկարները խաղատան տարածքում (մտնելիս, դուրս գալիս կամ էլ դահլիճում)
գ) Վերահսկման տեսախղիկների տեսագրություններ, որոնք առկա են Երևանում և նրա շրջակայքի բոլոր խաղատներում
դ) Խաչատուրովի մեքենայի՝ Երևան մուտք գործելու մասին տեղեկություններ և ժամանակացույցը, որը նույնպես դժվար չէ ստանալ քաղաքում տեղադրված տեսախցիկներից: Ինչպես նաև համեմատել այս տեղեկությունները Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող նիստերի հետ:

Նշենք, որ այս տեղեկատվության տրամադրումը կլինի ոչ միայն նամակում արտացոլված դրույթների հաստատում, այլև պատկերավոր ապացույց կհանդիսանա նրան, որ Դուք իրոք պարկեշտ մարդ եք, պատասխանատու հասարակական գործիչ, ինչպես նաև Հայկական բանակի կողմնակիցն եք, այլ ոչ թե պատերազմ եք հայտարել Գ. Խաչատուրովին՝ անձնական շահեր հետապնդելով:

Ենթադրում ենք, որ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և հրապարակման համար 30 օրը ավելի քան բավարար է:

Եթե մեր մանակն անտեսվի և պահանջվող փաստերը չգտնվեն ու չհրատարակվեն, ապա մեզ լիարժեք իրավունք կարող ենք վերապահել համարելու, որ օգտվելով նրանից, որ հնարավորություն չունեք բաց հրապարակել կորպուսի շտաբի պետի՝ գործնական նպատակով տեղափոխությունների մասին տեղեկատվությունը, Դուք մոլորության մեջ եք գցում երկրի հասարակությանը՝ տարածելով սուտ և Գ.Խաչատուրովին բացահայտ կերպով վարկաբեկող լուրեր: Ինչպես նաև, մեզ իրավունք ենք վերապահում հայտարարել Ձեր չկայացած լինելու մասին՝ որպես իրավապաշտպան և պարզապես տղամարդ:

Մենք նաև կհամարենք, որ այն օբյեկտը, որին Դուք ընտրել եք հալածելու և նրա մասին ակտիվ գործունեություն ծավալողի պատրանք ստեղծելու համար, ոչ թե խայտառակում է Հայկական Բանակը, այլ անձամբ Ձեզ է խանգարում Հայկական բանակը վարկաբեկելու, իր հետ անձնական հաշիվները մաքրելու, ինչպես նաև ինքնահաստատվելու հարցում:

Եվ մենք կպահանջենք հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես անձամբ Գ.Խաչատուրովից, այնպես էլ ողջ Հայկական Բանակից, որի  վարկաբեկումը Դուք դարձրել եք եկամուտի աղբյուր Ձեզ համար:

Հարգանքներով՝ հայկական բլոգոսֆերայի ներկայացուցիչներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում