Քարվաճառում նշվեց Հայոց բանակի օրը

Քարվաճառում նշվեց Հայոց բանակի օրը

Այսօր, հունվարի 28-ին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության Զինված Ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձը:

Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր տողան` դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Ներկա էին Քարվաճառի զորամասի զինվորականներ, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ: Տողանի սկզբում աշակերտները կատարեցին Արցախի Հանրապետության պետական օրհներգը:

Դպրոցում գործող «Զարթոնք» մանկապատանեկան կազմակերպության խմբերի` աստղիկների, արծիվների ու հայկազունների հրամանատարները հնչեցրեցին խմբերի կարգախոսներն ու զեկուցեցին խմբերի պատրաստվածության մասին:

Ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Արեգնազան Ղուկասյանը: Իր խոսքում նա նշեց, որ Հայոց բանակի կազմավորումը բախտորոշ էր հայ ժողովրդի համար: «Մեր բանակը 23 տարեկան է, բայց ունի մեծ փորձ, անցել է մաքառման ու կայացման ուղով: Մենք շատ ենք կարեւորում բանակի դերը մեր խաղաղության պահպանման գործում», նշեց նա ու շնորհավորեց ողջ հայ ժողովրդին կարեւորագույն ձեռքբերման համար: Նա ցանկացավ այսօրվա աշակերտներին վաղը հայրենիքի արժանի զինվորը դառնալ:

Ներկաներին ողջունեցին նաեւ Քարվաճառի N զորամասի զինվորականները: Նրանք մեծապես կարեւորեցին հայոց բանակի կազմավորումը, բանակ, որ թեեւ կազմավորվել է կարճ ժամանակում, բայց ապացուցել է իր մարտունակությունը, եւ ապացուցում է դա նաեւ այսօր: Այնուհետ աշակերտների համար արիության դաս ընթերցվեց:

Դպրոցականներին եւ ուսուցիչներին ողջունեց նաեւ Քարվաճառի դպրոցի նախկին աշակերտ, այսօր արդեն զինվորական Սահակ Նալթակյանը: Նա արիություն մաղթեց աշակերտներին` վաղը հայրենիքը պաշտպանելու համար եւ շնորհավորեց բոլոր ներկաներին` կարեւորագույն տոնի կապակցությամբ:

Շնորհավորական խոսք ասաց նաեւ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը` փառք տալով հայրենիքի համար ընկած եւ այսօր դիրքերում կանգնած զինվորներին:

Նույն օրը դպրոցում միջոցառում էր կազմակերպել նաեւ Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Միջոցառման ընթացքում կենտրոնի սաներն ընդգծեցին Հայոց բանակի բացառիկ կարեւորությունը ազգային անվտանգության տեսանկյունից: «Արցախի սահմանը հայ զինվորն է գծել իր արյամբ, ու այժմ էլ հայ զինվորն է այն պահում», ընդգծեցին երեխաները: Միջոցառման ընթացքում նրանք կատարեցին հայրենասիրական երգեր: Մանկապատանեկան կենտրոնի սաները խաղաղ ծառայություն, ուժ ու կորով մաղթեցին մեր հայրենիքի սահմանների պաշտպաններին` Հայոց բանակի զինվորներին:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում