Մենք դեռ Արևմտյան Հայաստան ունենք ազատագրելու, բայց էսօր Արցախ ենք խաղում…

Մենք դեռ Արևմտյան Հայաստան ունենք ազատագրելու, բայց էսօր Արցախ ենք խաղում…

Պարգև Սրբազանին շատ եմ հարգում։ Բայց մի բանում վերստին համոզվեցի. պատահական չի, որ մենք պատերազմի աստված ունեինք, բայց դիվանագիտության՝ ոչ։ Պատահական չի, որ մեր ազգը բանակ սիրում է, որ մենք ուժեղ ենք կռվում, իսկ դիվանագիտության մեջ բոբիկ ենք…

Չէի սպասում, Պարգև Սրբազանի շուրթերից լսել այն նույն հեքիաթը, որ հրամցրել են մեզ՝ երկու պետությունների վերաբերյալ՝ թե մենք ՄԱԿ-ում երկու ձայն ունենանք, կամ նման այլ բաներ։ ՄԱԿ-ում ավելի շատ ձայներ կունենանք, հզոր միասնական հայրենիք ունենալու պարագայում, և Արցախի մի ավել ձայնի դիմաց ունենալ ժողովրդի պառակտու՞մ … թքած ունեմ ՄԱԿ-ի ու բոլոր քաղաքական ձայների վրա, որոնք դրա գնով պիտի ձեռք բերվեն…

Էն ինչ եղել է էդքան մտհոգիչ չի իմ համար, ինչքան այն՝ թե ինչ կա ու ինչ իրականություն ունենք։ Մեր հասարակությունն առողջ չի, մեր մտավորականությունը՝ մոլորված։ Արցախի անդորր հասկացությունս ո՞րն է։ Էսօր Տավուշում են կրակում, Այգեպար, Չինարի… իմ տունը ո՞րն է… Արցախի ժողովուրդը ո՞րն է… սա ի՞նչ աբսուրդ է… էն որ Ժիրայրենք սխալ են արել ու սխալ են անում դա անխոս… բայց էն որ Ժիրայրի սխալը մեկնաբանվում է Արցածի անդորրը խախտելու, երկու պետությունների հեքիաթի և այլնի սկզբունքով… սա արդեն լուրջ, շատ լուրջ մտահոգվելու առիթ է տալիս… նույն զինվորը, որ կանգնած է Արցախի սահմանին, նույն զինվորը կանգնած է և Տավուշի սահմանին… ու եթե դուք մտահոգ եք զինվորի ամրությամբ, ոչ թե պետք է կառուցեք թեզը Արցախի շուրջ, և ընդգծեք Արցախում կանգնող զինվորի կարևորությունը, այլ չտարբերեք Հայկական սահման պահող և ոչ մի զինվորի։

Արցախի թեմի առաջնորդը Արցախից զատ էլ զավակ չունի՞ հայ ազգում… ինչպե՞ս հասկանանք, որևէ մեկին թույլ չեմ տա մտնել իմ տուն և իմ զավակների անդորրը խեղել…

Ես շատ եմ հարգում Պարգև Սրբազանին, բայց խորապես հիասթափված եմ իր էս խոսքերից… հուսամ, իրեն կփոխանցեն սա… հուսամ, հետագայում առավել զգոն կլինի նման հարցերի շուրջ խոսելիս… Պիտի հիշենք…, պիտի հիշեմ էստեղ Թումանյանին, ով Եղեռից մազապուրծ մեր հայերին, Արևմտյան Հայաստանի Հայերին փրկելու համար, չասեց, ես Արևելյան Հայաստանի գրող եմ, և կապ չունեմ Վանի ու Էրզրումի հայության հետ։ Ո՛Չ, Երիցս ՈՉ։ Նա իրեն ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ էր զգում, և ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ էր զգում ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ համար… Արցախը բոլոր Հայերի համար է տուն… Ցանկացած Հայ իրավունք ունի և կարող է գալ Հայաստան, Հայաստանի ցանկացած վայր։ Դուք սխալ ուղի եք վերցրել Սրբազան… Դուք սխալ քարոզ եք տանում հայ մտավորականություն… ձեզ խաբել են քաղաքական հեքիաթով… դուք շեղվել եք իրական մեծ նպատակից… Մենք դեռ Արևմտյան Հայաստան ունենք ազատագրելու, բայց էսօր Արցախ ենք խաղում… Դուք խաբված եք՝ ցավո՛ք… Բայց պետք չի հասարակությունն էլ մոլորվի… Եթե ՄԱԿ-ի ձայները պիտի լինեն մեր արտաքին ու ներքին քաղաքականության որոշիչ ֆակտորը, եկեք Հայաստանի Ամեն մարզը հայտարարենք մի պետություն և մարզպետներին ուղարկենք ՄԱԿ… Դուք սխալ ուղի եք վերցրել… մեր հասարակությունը լուրջ խնդիր ունի… ու փաստորեն այդ խնդիրը գալիս է մտավորականությունից…

Մի համեմատություն պիտի բերեմ. մարդու ուղեղի կեղևի բջիջներն ամենազգայունն են թթվածնի նկատմամբ, ամենախոցելին են կենսական տեսանկյունից, և … չեն վերականգնվում… բայց առանց ուղեղի կեղևի մարդը վեր է ածվում անասունի… չմտածող, անգիտակից, զուրկ անալիտիկ վերլուծական կարողություններից…

Հասարակության մտավորական խավը առավել խոցելի է կենսունակության տեսանկյունից, բայց առանց մտավորականության հասարակությունը վեր է ածվում ամբոխի, խուժանի…
Ցավով եմ արձանագրում… մենք էսօր գործնականում մտավորականություն չունենք… կան մտավորականներ, այո՛, բայց մտավորականություն չունենք…

Եւ արդյունքում ունենք այն ինչ ունենք…

Սթափվեք… մենք սխալ ենք գնում… սխալ ուղով ենք գնում… Սթափվեք… Մեր նպատակը 100 տարվա մեր ազգային ծրագիրը հարյուրամյակը պատվով նշելը չէր… հարյուրամյակը մեր բոլորիս ամոթն է.. ԲՈԼՈՐԻՍ ԱՄՈԹԸ… և առաջին հերթին մեր ավագ սերունդների, որ մեզ են կտակել էս վիճակը… Ու հիմա նույն սխալը շարունակում ենք… Կարդացեք, Կոմիտասի նամակն Արշակ Չոպանյանին, դեռ 1912թվականին գրված… Կարդացեք մեր Եղեռնի զոհ գնացած ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ… Րաֆֆի, Պատկանյան, Նաթալի… նրանք ծրագիր էին տալիս… առնվազն 100 Տարվա պետական, ազգային ծրագիր պիտի ունենանք մենք… իսկ մենք… մենք հարյուրամյակ ենք նշում… մեր ազգային ծրագիրը հարյուրամյակը պատվով նշե՞լն է… Մենք հենց էսօր, հենց հիմա պիտի սթափվենք… Նավավար, նայիր կողմնացույցիդ, նայիր գծագրերդ, նայիր ճարտարապետական քո քարտեզին, նախագծին… Մենք սխալ տեղ ենք գնում… Սխալ ուղիով ենք գնում… Պետք է հեց հիմա ուշքի գալ.. վաղը արդեն ուշ կլինի…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում